«ՉԻ»-ն անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հոկտեմբերի սկզբներին Ղարարաղին հարակից տարածքներ նախատեսվող այցին՝ գրում է. «Մեծ հաշվով, 16 տարի շարունակ այդ տարածքներն առանձնապես չեն հետաքրքրել միջազգային կառույցներին, իսկ հիմա հանկարծ մի մեծ խմբով գալիս են «տեղում իրավիճակն, ուսումնասիրելու»: Նման այցերը, որպես կանոն, տեղի են ունենում «ընդունման-հանձնման» արարողություններից առաջ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդ տարածքների ճակատագիրը որոշված է. Սերժ Սարգսյանը պատրաստ է հանձնել դրանք: Իհարկե՝ պայմանով, որ Ադրբեջանն ընդունի Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը։ Ընդ որում, նման նախանշաններ առայժմ չեն երեւում, բայց միջազգային կառույցներն ամեն դեպքում գալիս են «գույքագրելու» ազատագրված տարածքները։ Տեսնես, ինչո՞ւ է այդպես»:  

Հրապարակման հետագա տողերում թերթն ուշադրություն է հրավիրում ուշագրավ մի հանգամանքի վրա: «Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման պայմանագրի երկարաձգումից հետո ամեն կողմից կարծիքներ էին հնչում այն մասին, որ դա խիստ նվազեցնում է ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը։ Պայմանագրի ստորագրումից ընդամենը երկու շաբաթ է անցել, եւ այդ երկու շաբաթվա ընթացքում ղարաբաղյան ռազմաճակատում ավելի շատ կրակոցներ են հնչել եւ ավելի շատ զոհեր են եղել, քան դրան նախորդած մի ամբողջ տարվա ընթացքում։ Ոչինչ չենք ակնարկում, պարզապես փաստն ենք արձանագրում։ Միջազգային որոշ կառույցներ էլ Ադրբեջանին հուշում են, որ գնալով նավթադոլարները նվազելու են, հիմա այդ եկամուտների գագաթնակետն է, «թե մի բան անում եք՝ հիմա արեք»: Երեւի աշխարհն իսկապես խիստ մտահոգված է մեր տարածաշրջանի կայունությամբ»,-եզրակացնում է «ՉԻ»-ն: