Երբ մարդը նայում է քնքուշ էակի, հաճախ ուզում է նրան, օրինակ, հնարավորինս ամուր սեղմել: Հոգեբաններն ասում են. դա նորմալ ռեակցիա է: Նման ագրեսիան օգնում է վերականգնել հավասարակշռությունը, երբ հուզական գրգռումը չափազանց ուժեղ է դառնում, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ առանձնահատուկ կերպով են արձագանքում երեխաներին ու նրանց գծերին` մեծ աչքերին, գլխին ու բարձր ճակատին: Երեխաները մեծերի մոտ ժպիտ են առաջացնում եւ նրանց հոգ տանելու ցանկություն: Յեյլի համալսարանի գիտնականները մի շարք փորձարկումներ են իրականացրել տվյալ երեւույթն ավելի լավ ուսումնասիրելու համար:
Հետազոտությունը ցույց է տվել. նորածինների լուսանկարները մասնակիցների մոտ հոգատարության զգացում էին առաջացնում: Սակայն կամավորները նաեւ ագրեսիվ արտահայտություններ էին օգտագործում: Օրինակ, ոմանք ասում էին, որ կուզեին ուտել երեխաներին կամ կսմթել նրանց այտը: Փորձարկումներից մեկում 109 մասնակցի սլայդներ են ցույց տվել կենդանիների քնքուշ, ծիծաղելի եւ չեզոք լուսանկարներով: Մինչ այդ, կամավորներին մանրափուչիկավոր փաթեթավորում էին տվել, գրում է MedDaily-ին:
Մասնագետները նկատել են. քնքուշ կենդանիների տեսքից մասնակիցներն ավելի շատ փուչիկ էին պայթեցնում, քան մնացած լուսանկարների: Գիտնականների կարծիքով ագրեսիայի դրսեւորումը մարդկանց օգնում է հաղթահարել չափազանց ուժեղ դրական հույզերը: Հետազոտողները հավելում են, որ ագրեսիայի ամենաբարձր մակարդակ ունեցող մարդկանց մոտ հույզերը մարում էին լուսանկարների դիտումից հինգ րոպե անց: Այսինքն` նրանց հուզական վիճակն ավելի արագ էր կարգավորվում:




























