ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հրաման է ստորագրել ԵՏՄ շրջանակներում բժշկական արտադրանքների շրջանառության միասնական սկզբունքների եւ կանոնների մասին համաձայնագրի վավերացման օրինագիծը Պետդումա ներկայացնելու մասին։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության կայքը։

«Համաձայնագիրը ստորագրվել է 2014թ. դեկտեմբերի 23-ին Մոսկվայում եւ նախատեսում է ԵՏՄ շրջանակներում համակարգել քաղաքականությունը բժշկական արտադրանքների շրջանառության ոլորտում, դրանց գրանցման միասնական կանոնների եւ անվտանգության, որակի եւ արդյունավետության մշտադիտարկման ընդհանուր պահանջների ճանապարհով»,- փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Համաձայնագրի նպատակն է ԵՏՄ անդամ երկրների բնակչության համար բարձրացնել անվտանգ, արդյունավետ եւ որակյալ դեղամիջոցների հասանելիության մակարդակը, բարձրացնել ԵՏՄ անդամ երկրների դեղագործական արդյունաբերության մրցունակությունը համաշխարհային շուկայում, վարչական խոչընդոտների վերացման ճանապարհով պարզեցնել դեղագործական բիզնեսի պայմանները, ապահովել հասանելիություն դեպի սպառման միասնական շուկա։

Համաձայնագիրը ենթակա է վավերացման, քանի որ պարունակում է օրենքներ, որոնք տարբերվում են ՌԴ օրենսդրությամբ նախատեսված օրենքներից, ինչպես նաեւ նախատեսում է ԵՏՄ-ին հանձնել ՌԴ լիազորությունների մի մասը։