Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է: Այս մասին, դեկտեմբերի 10-ին, հայտարարել է աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ Բուենոս Այրեսում Պարագվայի Հանրապետության նախագահ Օրասիո Մանուել Կարտես Խարայի հետ առանձնազրույցի ժամանակ:

Առանձնազրույցը տեղի է ունեցել Արգենտինայի Հանրապետության նորընտիր նախագահ Մաուրիսիո Մակրիի երդմնակալության արարողությունից առաջ:

ԱԺ փոխնախագահը գոհունակություն է հայտնել առ այն, որ Պարագվայի Սենատը վերջերս միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Ցեղասպանությունների կանխարգելման լավագույն քայլը դրանց դատապարտումն է: Պարագվայն այս քայլով վերահաստատել է, որ հանդիսանում է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների պաշտպանության երկիր, որը դատապարտում է ցեղասպանությունները»,-նշել է Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով` միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունն իրավունք չունի անմասն մնալ անցյալի ոճիրների դատապարտման հարցում:

Պարագվայի նախագահն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ։