Լիբանանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ Լիբանանում հավատարմագրված դեսպանների այցելությունը Ջբեյլի «Թռչնոց բույն» հաստատության տարածքում գտնվող «Արամ Բեզիկյանի» անվ. թանգարան՝ նվիրված Հայոց ցեղասպանությունից փրկված եւ վերոնշյալ հաստատությունում ապաստան գտած որբերի հիշատակին: Հյուրերը ծաղիկներ զետեղեցին դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենի շիրիմին:

Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, մասնավորապես, նշեց, որ այցելությունը տեղի է ունենում Մարդու իրավունքների միջազգային օրը, իսկ նախօրեին՝ դեկտեմբերի 9-ին, առաջին անգամ միջազգային հանրությունը պաշտոնապես նշեց Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի, արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրը: Նա հավելեց, որ վերջինս Հայաստանի նախաձեռնությունն էր, որի արդյունքում սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի ԳԱ 69-րդ նստաշրջանի ընթացքում կոնսենսուսով ընդունվեց Հայաստանի ներկայացրած համապատասխան բանաձեւը՝ ուղղված ցեղասպանության ոճրի դեմ միջազգային գործողությունների խթանմանն ու համախմբմանը: Դեսպանը ընդգծեց, որ ընթացիկ տարվա ընթացքում առաջադեմ մարդկությունը իր համերաշխությունն ու աջակցությունը հայտնեց հայ ժողովրդին, որը նշում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Նա նշեց, որ այս տարի նշվում է նաեւ Օսվենցիմի ազատագրման 70-րդ, Կամբոջայի ցեղասպանության 40-րդ, ինչպես նաեւ Պոնտոսի հույների, ասորիների եւ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունների տարելիցները: Դեսպանի խոսքով՝ միջազգային հանրությունը չի կարող անտարբեր մնալ Դաեշի, Ալ-Նուսրայի, այլ ահաբեկչական խմբավորումների կողմից գործած նմանատիպ հանցագործությունների հանդեպ:

Դեսպան Քոչարյանը թվարկեց այն հիմնական ուղղությունները, որոնց խորհուրդով ընթացիկ տարում ամբողջ աշխարում անցկացվել են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ. դրանք են՝ հարգանքի տուրք նահատակների հիշատակին, երախտագիտություն հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրներին եւ միջազգային կառույցներին, միջազգային պայքար եւ վերածնունդ: Դեսպանը շեշտեց միասնականության եւ համերաշխության կարեւորությունը ապագայում նոր ցեղասպանությունների կանխարգելման գործում:

Այնուհետեւ ներկաները շրջայց կատարեցին հաստատության տարածքով, այցելեցին թանգարան, որտեղ ցուցադրված են բազմաթիվ փաստագրական նյութեր Հայոց Ցեղասպանության, որբանոցի հիմնադրման եւ Մարիա Յակոբսենի մարդասիրական գործունեության վերաբերյալ:

Միջոցառման շրջանակներում Լիբանանի հայոց թեմի առաջնորդ Շահե եպս. Փանոսյանը ներկաներին փոխանցեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ի ողջույնները եւ ներկայացրեց մանրամասներ «Թռչնոց բույն» հաստատության մասին:

Միջոցառմանը մասնակցեցին Լիբանանի հայոց թեմի առաջնորդը, Բեյրութի դիվանագիտական կորպուսի ղեկավար, պապական նվիրակը, Լիբանանի ԱԳ եւ մշակույթի նախարարների ներկայացուցիչները, Լիբանանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը, Բեյրութում հավատարմագրված երկրների դեսպաններ, Հայոց ցեղասպանության Լիբանանի կենտրոնական մարմնի ատենապետը: