2015-ի աշնանը Շվեդիայում փախստականների օթեւանները երկրի պատմության մեջ ռեկորդային թվով հարձակումների են ենթարկվել:  Այդ մասին ուրբաթ տեղեկացնում է իրավապաշտպան Expo կազմակերպությունը, որը համադրել է վերջին հինգ տարվա վիճակագրությունը: Ոստիկանության կողմից արձանագրված միջադեպերը ներառում են հրդեհումներ, վանդալիզմ, ներգաղթյալների նկատմամբ սպառնալիքներ եւ հարձակումներ: 2015-ին դրանց թիվն ավելի մեծ է եղել, քան նախորդ չորս տարիների ընթացքում: Այս վիճակագրության մեջ հատկապես աչքի է ընկնում հոկտեմբերը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:  

Ներկա դրությունը զգալիորեն տարբերվում է 1990-երի կեսերին թագավորությունում առկա իրավիճակից, երբ Բալկաններից տասնյակ հազարավոր փախստականներ եկան: 2011-ից մինչեւ  2015-ի նոյեմբեր ներգաղթյալների օթեւանների վրա 95 հարձակում է գրանցվել: Դրանցից 50-ը` 2015-ին, միայն հոկտեմբերին` 14 հարձակում: Չարամիտները նախ եւ առաջ փորձել են ոչնչացնել ներգաղթյալներին ընդունելու պատրաստվող կենտրոնները: Այս տարի ավելի քան  170 հազար փախստական է եկել երկիր: Միգրացիոն վարչության հոկտեմբերի 22-ին հրապարակած կանխատեսման համաձայն, Շվեդիան  9,8 մլն բնակչով 2015-2016-ին կարող է ընդունել մինչեւ  360 հազար ներգաղթյալ: Դա ԵՄ-ում մեկ շնչին ընկնող ամենաբարձր ցուցանիշն է: