Հայաստանը չէր կարող չանդամակցել Եվրասիական տնտեսական միությանը, քանի որ լուրջ խնդիրներ կունենար Ռուսաստանի հետ, ինչպես Ուկրաինան ունեցավ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե այս մեկ տարվա անդամակցությունը  ինչ տվեց Հայաստանին։  Նշենք, որ ԱԺ ՀԱԿ խմբակցությունը նույնպես կողմ էր քվեարկել այս անդամակցությանը։

«ԵՏՄ-ն մեզ համար տնտեսական նախագիծ չի եղել։ Մենք հստակ ասել ենք՝ սա աշխարհաքաղաքական, տարածաշրջանային քաղաքական նշանակություն ունեցող ծրագիր էր Հայաստանի համար։ Հայաստանը չէր կարող չանդամակցել այդ միությանը, որովհետեւ լուրջ քաղաքական խնդիրներ կունենար Ռուսաստանի հետ , այն ինչ-որ հիմա ունի Ուկրաինան։ Այդ հանգամանքը ավելի կարեւոր էր, քան տնտեսականը։ Չկա այդպիսի տնտեսական վերլուծություն, որ տնտեսական նպատակով Հայաստանը որոշեց մտնել ԵՏՄ»,-ասաց Վահագն Խաչատրյանը։

 Ըստ նրա՝ կար հակառակ վերլուծությունը, որ ԵՏՄ-ի անդամակցությունից հետո Հայաստանում ավելի շատ խնդիրներ են ծագելու։

«Մենք անկախություն ձեռք բերելուց հետո վարել ենք բաց դռների ազատ տնտեսական քաղաքականություն։ Ունեցել ենք մաքսեր, որպեսզի ներմուծելուց արտահանելուց խնդիրներ չլինեն, բայց ԵՏՄ-ին անդամակցության արդյունքում մեզ մոտ մաքսադրույքաչափերը 2,7 անգամ բարձրացվեցին, այսինք՝ դա նշանակում է, որ տնտեսական մասով բացասական է ազդել մեր վրա։ Այն առավելությունը որ պիտի ստանայինք, որը կոչվում էր գազի գին, նավթամթերքներ, այսօրվա համաշխարհային շուկան այդ առավելությունները տալիս է առանց Եվրասիական տնտեսական միության անդամակցության։ Հիմա մեր դեմ հակառակն է աշխատում՝ գազի գինը Եվրոպայում 1000 խմ դիմաց 360 դոլարից դարձել է 220 դոլար, մեզ մոտ՝ սահմանի վրա, մնում է 150-160 դոլար, իսկ մենք վճարում ենք 360 դոլար։ Այսինքն՝ էստեղ էլ օգուտ չկա»։

Վահագն Խաչատրյանի խոսքով ողջ խնդիրն այն է, որ Հայաստանում տնտեսական քաղաքականություն չկա, ինչի հետեւանքով որ միությանն էլ անդամակցի Հայաստանը, այն չի կարող արհեստական առավելություն տալ մեր երկրին։

«Այնպես որ, ԵՏՄ-ին մեր կողմ քվեարկելու հիմնավորումը քաղաքական հատվածին էր վերաբերում։ Այո, այդ միությունը եղել է պարտադրանք իշխանությանը, բայց թե ինչու եղավ, դա արդեն պարզից պարզ է՝ ապաշնորհ քաղաքականության հետեւանքն էր»,-ասաց ընդդիմադիր գործիչը։