Վանաձորցի Ասյա տատիկը 5 տարուց ավելի է, միայնակ մեծացնում է թոռնուհուն՝ Լիլիանային: Աղջնակին Ռուսաստանի Դաշնությունից իր հետ բերել է հայրը՝ հերթական անգամ արտագնա աշխատանքի մեկնելուց հետո:
«Գնացել էր խոպան, փող բերի, փող չբերեց, երեխուն բերեց»,- կատակում է տատիկն ու պատմում, որ երեխայի մայրն ազգությամբ ռուս է: Վերջինս երեխայի ծնվելուց հետո ողջ հոգսը թողել է հայ ամուսնու ուսերին ու զբաղվել անօրինական գործունեությամբ, ինչի հետևանքով դատապարտվել է 4 տարվա ազատազրկման:
Մորն ազատազրկման դատապարտելուց հետո երեխային ցանկացել են մանկատուն տանել: Հայրը, սակայն, դժվարությամբ, բայց հաջողացրել է աղջկան բերել Հայաստան:
«Ասեց՝ մամ ջան, չեմ թողնի, որ երեխուն մանկատուն տանեն, երեխուն բերում եմ, պետք է պահես: Ես էլ ինչ էի ասելու, ասեցի՝ բեր կպահեմ: Հիմա ես երեխուն եմ պահում, տղաս էլի Ռուսաստանում է»,- պատմում է տիկին Ասյան:
Տատիկը տարիներ շարունակ հանդիսանում է թոռնուհու խնամակալը: Տատ ու թոռ միասին են ապրում փոքրիկ մեկսենյականոց բնակարանում: Թոռնիկը տատիկի հետ շատ է կապված : Նրա հետ է հաճախում թե հանրակրթական, թե երաժշտական դպրոց:
Երկրորդ կարգի հաշմանդամ տատիկը թոշակով ու նպաստով դժվարությամբ, բայց սիրով է մեծացնում Լիլիանային: Կնոջն այդ տարիքում երեխա մեծացնելու դժվարությունները չեն ընկճում, ընդհակառակը, Լիլիանան նոր ուժ ու երկրորդ երիտասարդություն է տվել տատիկին։
«Թոռներիս մեջ ամենաջիգյարովն ա, սա չէղներ, ես ի՞նչ էի անելու»,– ասում է Ասյա տատը։




























