Լոռեցի տղամարդը, որի կինը դեռ նախորդ տարվա ամռանը երկու երեխաներին թողնելով Հայաստանում, մեկնել էր Ռուսաստանի Դաշնություն՝ բուժվելու պատրվակով, դիմել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան, պահանջելով կնոջը զրկել մայրական իրավունքներից:

Կնոջ մեկնելուց կարճ ժամանակ անց ամուսինը պարզել է, որ նա մեկնել է ոչ թե միայնակ, այլ մի երիտասարդի հետ:

«Երեխեքին թողել, փախել է էդ տղայի հետ, ով ինձ հորեղբոր տղա է գալիս», -մեզ հետ զրույցում նշեց երեխաների հայրը:

Չորս ամիս արտերկրում մնալուց հետո կինը երկրորդ ամուսնու հետ վերադարձել է Վանաձոր, որտեղ և ծնվել է նրանց առաջնեկը: Շուրջ մեկ տարի անց մայրը հիշել է երկու անչափահաս երեխաների մասին և երեխաներին իր հետ բնակության տեղափոխելու հայցադիմում է ներկայացրել դատարան: Օրեր անց, սակայն, միտքը փոխել է ու դիմել տեսակցության կարգ սահմանելու հայցադիմումով:

Ամուսինը, սակայն, նրա պահանջին ի պատասխան երեխաների մորը ծնողական իրավունքներից զրկելու հակընդդեմ հայց է ներկայացրել: Վերջինը նշում է, որ 5-ամյա աղջկան ու 6-ամյա որդուն խնամելու համար երկրորդ անգամ է ամուսնացել, իսկ մոր կողմից երեխաների հետ տեսակցությունները կարող են միայն բացասաբար անդրադառնալ երեխաների հետ իր ու իր կնոջ փոխհարաբերությունների վրա:

Մինչեւ գործը կմտնի դատարան ընտանիքի հարցը քննվեց Վանաձորի քաղաքապետարանի խնամակալության հանձնաժողովում, որը ամուսինների հետ զրուցելուց հետո որոշում կայացրեց մորը թույլատրել երեխաներին տեսնել ամսական երկու օր` շաբաթ օրերին, երկուական ժամով: