Մոսկվայում սկսել են քանդել ինքնաշեն կառույցները: Առաջինը քանդել են «Դոբռինինսկայա» մետրոյի մոտ առեւտրի տաղավարը: Քանդման որոշումը, ինչպես նաեւ այն 104 շինության ցուցակը, որոնք ստիպողաբար կապամոնտաժվեն, մոսկովյան կառավարությունը հաստատել է դեկտեմբերի 8-ին գրում է Gazeta-ն:
Նշվում է, որ այս օբյեկտները, ի թիվս այլ բաների, պոտենցիալ վտանգ են ներկայացնում մոսկվացիների համար, դրանք անօրինական եղանակով կառուցել են այնպիսի վայրերում, որտեղով քաղաքային հաղորդակցության գծեր են անցնում` գազատարներ, կաբելային գծեր, ջրագծեր, լուսավորության գծեր: Վթարի դեպքում համայնքային իշխանությունները չեն կարողանա արագ վերացնել վնասվածքները, իսկ դանդաղումը կարող է նոր վթարի հանգեցնել: Այսպես, ինքնաշենի տակ գազատարի վթարը կարող է պայթյունով ավարտվել:
Պոտենցիալ վտանգ ներկայացնող շենքերի թվին են դասվում այն օբյեկտները, որոնք գտնվում են մետրոյի անմիջական հարեւանությամբ, օրինակ` ցուցակի մեջ ներառված «Պիրամիդա» առեւտրական համալիրը Տվերսկայա փողոցում, ինչպես նաեւ նրանք, որ գտնվում են ինժեներական ցանցերի ճյուղավորման գոտում եւ հանրային օգտագործման վայրերում: Անօրինական կառույցները պարտավոր են քանդել իրենք` սեփականատերերը, որոնց Անշարժ գույքի պետական վերահսկողությունը իրազեկում է ուղարկում: Արժե նշել, որ սեփականատերերը փոխհատուցման իրավունք ունեն, դրա համար անհրաժեշտ է փաստաթղթեր ներկայացնել սեփականության իրավունքի դադարեցման վերաբերյալ:




































