Moody's վարկանիշային գործակալությունը նավթի Brent տեսակի գնի կանխատեսումը 53 դոլարից նվազեցրել է 43 դոլարի՝ նավթարդյունահանման բարձր ծավալների պահպանման պատճառով: Գործակալության վերլուծաբանների խոսքով, դրանք զգալիորեն գերազանցում են նավթի սպառման աճի տեմպերը:

Ե՛վ ՕՊԵԿ-ի անդամ պետությունները, ե՛ւ նավթ արդյունահանող մյուս երկրները հրաժարվում են կրճատել նավթի արդյունահանման ծավալները, որպեսզի շուկայում պահպանեն իրենց դիրքը: Այս մասին գրում է ՌԲԿ-ն:

Նավթի ցածր գները կպահպանվեն առնվազն մինչեւ 2018 թվականը: Moody's-ի վերլուծաբանների կարծիքով, 2017 թվականին Brent տեսակի նավթի գինը կաճի ընդամենը 5 դոլարով՝ հասնելով 1 բարելը 48 դոլարի, 2018-ին՝ 53 դոլարի:

Դեկտեմբերի 14-ին Brent տեսակի նավթի գինը 2008 թվականից ի վեր առաջին անգամ նվազեց 37 դոլարից: Ռուսական Urals նավթի գինը 2008-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ նվազեց 1 բարելը 34 դոլարից: Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը 70 ռուբլի է, եվրոյինը՝ 77 ռուբլի: