Ավստրալական Մելբուրն քաղաքի Պասկո Վեյլ արվարձանում հայտնվել է սեւամորթ նորածին Հիսուսի պատկերով տիկնիկ: Խաղալիքը մաս է կազմում այն կոմպոզիցիայի, որը ներկայացնում է Հիսուսի ծննդյան աստվածաշնչյան տեսարանը եւ տեղադրված է բնակավայրի կենտրոնում, գրում է Lenta-ն` վկայակոչելով The Herald Sun-ին:
Տեղի խորհրդարանի անդամ Լիզզի Բլենդֆորնի կարծիքով, մուգ մաշկով նորածնի պատկերն անհամեմատ ավելի լավ է արտացոլում պատմական իրողությունը: «Ամեն մարդ Քրիստոսի ծնունդը յուրովի է պատկերացնում: Այս քնքուշ պատկերը դրականորեն կազդի մեր բազմամշակութային միջավայրում տոնի մթնոլորտի վրա», — ասել է Բլենդֆորնը:
Իտալուհի Մարիան, որի ազգանունն անհայտ է, եւ քաղաքի մի շարք բնակիչներ համարում են, որ նման մեկնաբանությունը իրականության հետ կապ չունի: Արքեպիսկոպոս Գրեգ Բենեթի (Greg Bennett) խոսքով, Հիսուսը հրեա էր, նշանակում է` նրա արտաքինը նման է մերձավորարեւելյան տիպին:
«Սակայն արվեստի մեջ Սուրբ ընտանիքի պատկերումը փոխվում է` կախված տեղից եւ մշակութային առանձնահատկություններից, այդ պատճառով էլ առկա են մեկնաբանություններ: Հիսուսը ծնվել է բոլոր մարդկանց եւ ազգությունների համար», - ասել է Բենեթը:




























