2014 թ. թրմադեղերի չափաբաժնի գերդոզավորումից ավելի քան 47 հազար ամերիկացի է մահացել, սա ռեկորդային ցուցանիշ է ԱՄՆ ամբողջ պատմության ընթացքում, վկայում են հետազոտության տվյալները:

Ըստ ԱՄՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի զեկույցի՝ չափաբաժնի գերազանցումից մահերի թիվը 2013 թ. համեմատ 7 տոկոսով աճել է:

Մահերի քանակի կտրուկ աճը համընկել է ցավազրկող օփիոիդների՝ օքսիկոդոնի ու հիդրոկոդոնի գործածման ավելացման հետ, հայտնում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Ցավազրկողների այս տեսակները չարաշահողներից շատերը հետո անցնում են հերոինի գործածմանը, քանի որ այդ դեղերը գտնելն օրեցօր դժվարանում է:

«ԱՄՆ-ում  չափաբաժնի գերազանցումից մահերի համաճարակ է»,- ասված է զեկույցում:

Այդ պատճառներով մահերի ամենաբարձր վիճակագրությունը Արեւմտյան Վիրջինիա նահանգի գյուղական համայնքներում է

Բոլոր նահանգների բժիշկներին հիմա խորհուրդ են տալիս ավելի ուշադիր լինել խրոնիկ ցավերից տառապող հիվանդներին դեղորայք նշանակելու հարցում: