Հնարավոր է, որ Թութանհամոն փարավոնի ստնտուն իրականում նրա քույրը եղած լինի` Մերիթաթոնը: Նման եզրակացության է հանգել ֆրանսիացի հնագետ Ալեն Զիվին (Alain Zivie):
Զիվին Մայայի գերեզմանը հայտնաբերել էր դեռեւս 1996-ին` Սաքքարայի նեկրոպոլիսում, սակայն լայն հանրության համար այն բացել են միայն 2015-ի դեկտեմբերի 21-ին:
Վերջերս Թութանհամոնի ԴՆԹ-ի անալիզը բացահայտել էր Թութանհամոնի հորը, որի չվնասված գերեզմանը, բոլոր գանձերով հանդերձ, գիտնականները հայտնաբերել էին XX դարասկզբին. պարզվել է, որ դա Էհնաթոնն է, որը փորձել է Եգիպտոսում նոր կրոն ստեղծել (մեկ` արեւի աստված Աթոնի պաշտամունքը):
Թութանհամոնի մոր անձը հայտնի չէ. սակայն դա Նեֆերտիտին չի եղել (Էհնաթոնի «գլխավոր կինը»):
Սակայն Մայայի դամբարանի պատերի պատկերները գիտնականներին հուշել են այն միտքը, թե ստնտուն իրականում նրա քույրն էր: «Մայան ոչ այլ ոք էր, եթե ոչ արքայադուստր Մերիթաթոնը` Թութանհամոնի քույրը կամ խորթ քույրը` Էհնաթոնի եւ Նեֆերտիտիի դուստրը: Դամբարանի պատին փորագրված է Մայայի դիմանկարը` թագավորական գահին, իսկ Թութանհամոնը նրա ծնկներին է», — հայտնել է Զիվին, գրում է Lenta-ն:
Նման պատկերներ առկա են Ամարնայում իր` Էհնաթոնի դամբարանի պատերին: Էհնաթոնի մեռած դստերը` Մակեթաթոնին ողբացող կերպարների մեջ երեխային կրծքով կերակրող կին կա` Մերիթաթոնը, փարավոնի ավագ դուստրը, կարծում է Զիվին:


























