Գիտնականներն ապացուցել են, որ հարաբերություններում կոնֆետա-ծաղկեփնջային շրջանը կանացի քմահաճույք չէ, այլ բնությամբ պայմանավորված անհրաժեշտություն:
Նման արդյունքի են հանգել հետազոտողները, որոնք ուսումնասիրել են կնոջ` առաջին հանդիպումից հետո նոր ծանոթին տրվելու պատրաստակամության եւ արժանի տղամարդ գտնելու հավանականության միջեւ կապը:
Բրիտանական The Daily Mail պարբերականում, որտեղ պատմվել է այս հետազոտության մասին, բացատրվում է, որ էվոլյուցիայի ընթացքում ձեւավորված սիրահետման երկարատեւ ծիսակարգի իմաստն այն է, որ կինը հնարավորություն ունենա իր համար առավել վստահելի զուգընկերոջ ընտրելու:
Նման եզրահանգումները, որ արել է Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ռոբերտ Սեյմուրը, հիմնված են հետազոտության մեջ խաղի տեսության կիրառման վրա: Մաթեմատիկայի այս բաժինն ուսումնասիրում է ցանկացած խաղում օպտիմալ ռազմավարության ընտրության, այսինքն լավագույն արդյունքի հասնելու հարցը, տեղեկացնում է Mignews-ը:
Ինքը` գիտնականը, պնդում է, որ իր տեսությունը նկարագրում է, թե հնագույն մարդկանց շրջանում ինչպես է ի հայտ եկել սիրահետման ծիսակարգը եւ ինչ ազդեցություն ունի սեռերի ժամանակակից հարաբերությունների վրա:




























