Եթե տեսնեք, որ սպիտակ շորով երիտասարդ աղջկան տանիքից խնձորներով հարվածում են, ոստիկանություն չկանչեք, ուշադիր նայեք հարվածողին, գրազ կգամ, որ մեկ ուրիշն էլ այդ պահին բարձով նրա գլխին է խփում։ Մի անհանգստացեք, դուք եզդիների հարսանիքին եք։

Եզդիները զարմանալիորեն կարողացել են պահպանել իրենց այս հնագույն հարսանեկան ավանդույթը, միայն հարսի նկատմամբ մի քիչ «կարեկցանք» է ավելացել. նրա գլուխը  խնձորի հարվածներից պաշտպանում են հարսանեկան գաթայով ու զամբյուղներով, ինչի շնորհիվ  հարսանիքների ժամանակ անցանկալի միջադեպերը նվազել են։ Նախկինում եղել են դեպքեր, երբ հարսն ուշաթափվել է, տեղափոխել են հիվանդանոց։

Եզդիական այս ավանդույթը խորհուրդ ունի. հարսի ուղղությամբ նետվող կարմիր խնձորները պտղաբերության խորհրդանիշ են, բացի դրանից փեսան դրանով հյուրերին վստահեցնում է, որ ինքն այդ աղջկան է հավանել եւ ամբողջ կյանքում նրա հետ է ապրելու: Փեսայի հետ տան տանիքին կանգնում է ազապ եղբայրը, որը հարսի տնից գողացած բարձով երեք անգամ խփում է փեսայի գլխին, դրանով նա հարսին եւ փեսային ընդամենը մաղթում է մի բարձի ծերանալ:

Հայաստանի որոշ եզդիաբնակ գյուղերում պահպանվել են էլ ավելի հին սովորույթներ, որոնցից արդեն հրաժարվել են ավելի առաջադեմ եզդիները, դրանցից մեկը աղջիկ փախցնելն է։

«Եզդիներիս մոտ մինչեւ հիմա նաեւ աղջիկ փախցնելու սովորույթ է մնացել, որը, ես գտնում եմ, որ սխալ է: Շատ եզդիներ իրենց աղջիկներին համալսարան չեն ուղարկում՝ վախենալով, որ կփախցնեն»,–NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Հայաստանի եզդիների համայնքի ներկայացուցիչ Խըդր Հաջոյանը:

Նրա խոսքով, եզդիները հիմնականում 16 տարեկանից են ամուսնանում՝ անպայման իրենց կաստայի (խավի) անդամ եզդու հետ, եթե խախտում են այդ օրենքը, ապա եզդի կոչվելու իրավունք չունեն:

Ամուսնանալիս եզդի աղջիկը անպայման պետք է կույս լինի, եթե կույս չէ, ապա մերժվում է եզդի հասարակության կողմից. այդպիսի աղջիկներին ավանակի վրա թարս նստեցնելով՝ ամբողջ գյուղում ման են տալիս եւ հայտարարում, որ նա կույս չէ: Հայաստանի եզդիների մոտ այս ավանդույթը չի պահպանվել, Իրաքի եզդիները, օրինակ, այս ավանդույթից չեն հրաժարվել։ Եզդիաբնակ որոշ տարածաշրջաններում պահպանվել է «ղալին» ասվածը, երբ աղջկա հետ ամուսնանալու համար ծնողներին գումար են տալիս, Հայաստանում այդ սովորույթը նույնպես վերացել է, քանի որ խոչընդոտում է ընտանիքներ կազմելուն:

Հայաստանի եզդիաբնակ որոշ գյուղերում դեռ ակտուալ է հարսանիքին ձիով հարսի հետեւից գնալը, նույնիսկ նրանք, որոնք գումար ունեն եւ շքեղ մեքենաներ, գերադասում են ազգային այս սովորույթին հետեւել։

 «Տղայի կողմը ձիերով գնում է հարսի տուն՝ ստանալով երիտասարդների սիրո հովանավոր ձիավոր հրեշտակապետ Խըդր Նավիի օրհնությունը: Մինչեւ հարսի դուրս գալը, աղջկա կողմից չամուսնացած մի աղջիկ անպայման պետք է կանաչ ժապավեն կապի փեսայի թիկունքին, որը կանաչ ճանապարհ է խորհրդանշում: Տան ներսում տվյալ տան չամուսնացած աղջիկն է դիմավորում փեսային եւ «Գյովենտ» պարելով կարմիր ժապավեն կապում փեսային: Հարսը լինում է տան սուրբ անկյունում, որտեղ իրար վրա դարսված են անկողինները: Միասնական կյանքի բարձ են ունենում, որը մի բարձի ծերանալու խորհրդանիշն է, այն գողանում են փեսայի եղբայրները»,-պատմեց Խըդր Հաջոյանը:

Հարսանքավորները փեսայի տուն գնալիս իրավունք չունեն նույն ճանապարհով հետ դառնալու՝ չար աչքից հեռու մնալու համար: Մինչեւ փեսայի տուն հասնելը, հարսն ու փեսան գնում են եզդիների հոգեւոր վայր՝ ստանում օրհնություն, իսկ փեսայի տանը զույգին դիմավորում է տղայի մայրը՝ շերեփով ու մեղրով: Տան շեմին հարսը կոտրում է ափսեն՝ չար աչքից հեռու մնալու համար, հենց այդ ժամանակ էլ փեսան ու ազաբ եղբայրը բարձանում են տանիք ու եթե տեսնում եք այն, ինչ սկսվում է դրանից հետո, հիշեք, ոստիկանություն ահազանգելու կարիք չկա։