Stratfor ամերիկյան վերլուծական-հետախուզական ընկերությունը աշխարհում 2016թ.-ի քաղաքական եւ տնտեսական իրավիճակի կանխատեսումներով զեկույց է հրապարակել։ Համաձայն՝ Stratfor-ի վերլուծաբանների կանխատեսումների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եկող տարի կշարունակվեն սրվել, փոխանցում է ՌԲԿ-ն։

Թուրքիան, ամենայն հավանականությամբ, Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ կիրականացնի եւ կփորձի մեծացնել Իրաքի հյուսիսում իր ներկայությունը, վստահ են վերլուծաբանները։ Ընդ որում, Անկարայի նպատակը կլինի ոչ այնքան «Իսլամական պետության» գրոհայիններին դիմակայելը, որքան սիրիացի քրդերին զսպելը։ Ընդհանուր առմամբ թուրքիան կուժեղացնի տարածաշրջանում իր ազդեցությունը։

Stratfor-ում եզրակացրել են, որ այդ գործողությունները կմեծացնեն Ռուսաստանի եւ Իրանի հետ Թուրքիայի հակասությունները։ Ռուսաստանը ամենաքիչը կցանկանար Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ մտնել, քանի որ Անկարան վերահսկում է Սեւ եւ Միջերկրական ծովերի մատույցները, սակայն այդ սցենարն անխուսափելի է։

Բացի այդ, Stratfor-ը նախազգուշացնում է, որ Սիրիայի հակամարտությունում Ռուսաստանի ներգրավվածությունն աճում է, եւ դա կարող է հանգեցնել տարածաշրջանում նրա նախնական խնդրի «լղոզմանը» եւ միանգամից շատ խնդիրներ լուծելու անհրաժեշտությանը։