Ռուսաստանը Թուրքիայից պահանջել է անմիջապես բռնել իր քաղաքացի Արփարսլան Չելիկին, որը կապ ունի Սու-24-ի օդաչուի գնդակահարության հետ: Այդ մասին ասվում է գերատեսչության կայքում: 

«Թուրքական իշխանություններից անհապաղ միջոցներ ենք պահանջում Չելիկին եւ իր զինակիցներին բռնելու եւ ռուսաստանցի օդաչուի սպանության, ինչպես նաեւ օտար պետության տարածքում անօրինական զինված խմբավորումների շարքերում ռազմական գործողությունների մասնակցելու համար քրեական պատասխանատվության կանչելու ուղղությամբ», — հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: 

Գերատեսչության տեղեկության համաձայն, Չելիկը հարցազրույց է տվել թուրքական թերթին, որում խոստովանում է իր անմիջական մասնակցությունը ռուսաստանցի օդաչուի սպանությանը եւ չի զղջում  իր գործողությունների համար: 

«Հրապարակումից հայտնի է դառնում, որ վերոհիշյալ թուրք գրոհայինը վերջին երկու տարվա ընթացքում Սիրիայում կռվում է անօրինական զինված խմբավորման շարքերում», — ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսական կողմին վրդովեցնում է նաեւ Թուրքիայի իշխանությունների կողմից հարցազրույցի վերաբերյալ մեկնաբանությունների բացակայությունը, տեղեկացնում է   Gazeta-ն:

Նոյեմբերի 24-ին ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչը  թուրքական ինքնաթիռի կողմից խոցվել էր սիրիական Լաթաքիայում` Թուրքիայի հետ սահմանից   1 կմ հեռավորության վրա: Թուրքական կողմն ավելի վաղ ոչ մի անգամ Ռուսաստանին չէր զգուշացրել Սիրիայում ռազմական գործողության ընթացքում օդային տարածքի խախտման վերաբերյալ: Ռուսական կողմը պնդում է, որ ռմբակոծիչը չի խախտել Թուրքիայի օդային տարածքը: