Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ Հարվարդի համալսարանի միջազգային զարգացման կենտրոնի տնօրեն, Քենեդիի անվան կառավարման ինստիտուտի տնտեսական զարգացման ֆակուլտետի պրոֆեսոր Ռիկարդո Հաուսմանը սեպտեմբերի 10-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում հանդիպեցին Հայաստանի տնտեսագիտական ուղղվածություն ունեցող բուհերի ուսանողության եւ դասախոսական կազմի ներկայացուցիչների հետ։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ հետճգնաժամային ժամանակաշրջանում աշխարհը փոխվել է եւ բոլոր երկրները այժմ մտածում են լուրջ առաջընթացի մասին, որպեսզի բարելավեն իրենց ժողովրդի բարեկեցության մակարդակը։

«Զարգացումը չվախենալու մեջ է, զարգացումը գաղափարների բազմազանության, եւ ոչ թե մեկ գաղափարից կառչելու եւ ուղղակի իներտություն դրսեւորելու մեջ է»,- նշեց փիլիսոփոյության հանդեպ հակվածություն ունեցող նախարարը:

Ռիկարդո Հաուսմանը, ով նաեւ Վենեսուելայի էկոնոմիկայի նախկին նախարարն է եղել, ներկայացրեց «Տնտեսական զարգացման գաղտնիքը» թեմայով դասախոսությունը։ Սակայն նշենք, որ նրա ելույթում հայ հանրության համար առանձնապես գաղտնիքներ չկային՝ ե'ւ կառավարությունը, ե'ւ տնտեսագիտական միտքը վաղուց է խոսում այն ուղղությունների մասին, որը թվարկեց Հարվարդի հարգարժան պրոֆեսորը։ Այսպես՝ նա նշեց, որ Հայաստանի նման երկրի համար նախեւառաջ անհրաժեշտ է զարգացնել ապրանքների արտահանումը, այդ թվում՝ ակտիվորեն օգտագործելով սփյուռքում առկա հսկայական ներուժը։

«Գաղտնիքը դինամիկ արտահանման շուկա ունենալն է, այդ արտահանումը կարող է լինել տուրիզմի բնագավառում, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում։ Այնպիսի միջոցառումներ են պետք, որոնք հայկական արտադրանքն արտերկրում ավելի գրավիչ կդարձնեն»,- ասաց Հաուսմանը։ Բացի այդ, ըստ նրա, անհրաժեշտ է խրախուսել նոր ընկերությունների ստեղծումը։ «Որքանո՞վ եք դուք բաց նոր ձեռնարկությունների ստեղծման համար, որքանո՞վ է կառավարությունը ճկուն՝ բիզնեսին հասանելի լինելու համար։ Կարեւոր է նոր մտքեր եւ նոր գազափարներ ունենալն ու նոր կարողությունների զարգացմանը խրախուսելը»,- ասաց Հաուսմանը:

Անդրադառնալով 2004-2008 թթ. տնտեսական աճին՝ պրոֆեսորը հայտարարեց, որ այն  անհնարին էր պահպանել եւ չի կարելի համարել կայուն։ Իսկ կայունության համար նախեւառաջ անհրաժեշտ է ձեւավորել դիվերսիֆիկացված տնտեսություն։ Դա նշանակում է նոր արտադրանք, նոր աշխուժություն, նոր հզորություններ։