Սթենֆորդի համալսարանի հոգեբանները հայտնաբերել են այն պատճառները, որոնց հետեւանքով որոշ մարդիկ տարիներով  (ավելի քան հինգ տարի) չեն կարողանում ուշքի գալ իրենց սիրեցյալներից մերժում ստանալուց հետո: Իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են  Personality and Social Psychology Bulletin ամսագրում, տեղեկացնում է The Daily Mail-ը:

Մասնագետները հինգ հետազոտություն են իրականացրել, որոնց  891 մարդ է մասնակցել: Նրանք առցանց հարցաշարեր են լրացրել, որոնք ամրագրում են պատասխանողների բաժանումն իրենց սիրեցյալներից եւ անձնական ողբերգությունից հետո նրանց ինքնընկալումը:  Գիտնականներին հետաքրքրել է մարդկանց վերաբերմունքն այն տարածված կարծիքին, թե հարաբերությունների խզումը կապված է զուգընկերներից մեկի անլիարժեքության հետ: 

Մեկ այլ հարց վերաբերում էր մարդու` հարաբերությունների խզումը վերապրելուն եւ այդ եղանակով անձնական աճին նպաստող փորձ ձեռք բերելուն: Դրա այլընտրանքը հոգեբանների կարծիքով պատասխանողների պատկերացումն է անձի մասին, որպես անշարժ օբյեկտի, որն ի վիճակի չէ որակական նոր զարգացման, տեղեկացնում է  Lenta-ն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու կենսական դիրքորոշումը առանցքային առանձնահատկություն է, որը կանխորոշում է անհատի` հարաբերությունների խզումը վերապրելու կարողությունը:  Այն մարդիկ, որոնք իրենց ընկալում են որպես անշարժ օբյեկտ, անհամեմատ ավելի երկար են կառչում նախորդ զուգընկերների հետ բաժանումը վերապրելու վրա եւ ի վիճակի չեն լինում նոր հարաբերություններ սկսել:  

Մյուս կողմից, այն մարդիկ, որոնք հավատում են զարգանալու կարողությանը, անհամեմատ ավելի արագ են ուշքի գալիս բաժանումից հետո եւ շանսեր են ունենում կյանքի նոր ուղեկիցների հանդիպելու: Հետազոտության հեղինակներից մեկը` Լորեն Հոուն, եզրակացրել է, որ մարդիկ ռոմանտիկ զուգընկերներին դիտարկում են որպես  «իրենց մասին տեղեկությունների աղբյուրի»:

Գիտնականները նաեւ եզրակացրել են, թե նախկինում զուգընկերոջ կողմից  մերժման արժանանալը կարող է մարդուն հանգեցնել ռոմանտիկ հարաբերություններում պաշտպանողական դիրքորոշում որդեգրելու: Հոգեբանների կարծիքով, դա հատկապես այժմեական է այն մարդկանց համար, որոնք իրենց որպես անշարժ օբյեկտ են պատկերացնում: