Պետք չէ սպառողներին վախեցնել տավարի զանգվածային վարակման եւ մսի վտանգավորության մասին սարսափազդու պատմություններով: Այդ մասին հունվարի  23-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժական տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը:  

Նա հիշեցրել է, որ խոզի գրիպ անվանումը պայմանական է եւ չի նշանակում, թե խոզի մսից կարելի է խոզի գրիպով վարակվել: Նույնը վերաբերում է նաեւ դաբաղով վարակված մսին:   Բարձր ջերմաստիճանի պայմաններում (այսինքն եթե միսը եփեք կամ ջերմային ինչ-որ մշակման ենթարկեք) այդ հիվանդությունների հարուցիչները մահանում են: H1N1 հարուցիչի ոչ պաշտոնական անվանումն այժմ սպառողներին մեծ անհանգստություն է պատճառում: Մարդիկ խուսափում են միս գնել, ոմանք վախենում են նույնիսկ մոտենալ մսի բաժիններին: Բացի այն, որ վախն անհիմն է, դրանից նաեւ առեւտուրն է տուժում, այսինքն` տնտեսությունը», - նշել է Մկրտչյանը:

Նա քաղաքացիներին դարձյալ կոչ է արել չվախենալ պատրաստի մսամթերքից եւ սննդից եւ չհավատալ չստուգված տագնապալի լուրերին: