ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին քննարկվելու են Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող երկու հակահայկական բանաձեւերի նախագծերը։ Հայկական մամուլում բավական քննարկվող է դարձել այն հարցը, թե արդյոք դրանք կընդունվեն, թե կմերժվեն եվրոպացի պատգամավորների կողմից։
Սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵԽԽՎ բանաձեւերը չունեն իրավական պարտադիր ուժ, եւ որ առաջին անգամ չէ Ադրբեջանը փորձում ԵԽԽՎ-ում եւ այլ միջազգային կազմակերպություններում հակահայկական բանաձեւեր եւ հայտարարություններ դնել շրջանառության մեջ՝առավել կարեւոր է ուշադրություն դարձնել մի քանի այլ հարցերի։ Դրանք գուցե շատ ավելի կարեւոր են, քան այս երկու բանաձեւերի նախագծերի հաստատվել-չհաստատվելը։
Միեւնույն է, եթե նույնիսկ ԵԽԽՎ-ն ընդունի այս փաստաթղթերը, բանակցային գործընթացը որեւէ առաջընթաց կամ հետընթաց դրա շնորհիվ չի ապրի, Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը նույնպես էականորեն չի փոխվի՝ գուցե միայն շահարկվող նոր թեզ կավելանա։ Ընդհանուր առմամբ, ամեն ինչ կմնա նույնը։
Հարցն այն է, թե ինչ դասեր մենք կարող ենք քաղել այս իրավիճակից։ Միգուցե, որքան էլ դա տարօրինակ է հնչում, հակահայկական այս փաստաթղթերը կարող են մեզ համար դրական նշանակություն ունենա՞լ։
Սա այն լակմուսի թուղթն է, որը ցույց տվեց, որ շատ հարցերում հայկական խորհրդարանական դիվանագիտությունը բարեփոխումների, իր մոտեցումների եւ քաղաքականության, գործընկերների հետ հարաբերությունների վերանայման, նորացման, շտկման կարիք ունի։ Եվ հարցը չի վերաբերում միայն ԵԽԽՎ-ին կամ այս կառույցում հայաստանյան պատվիրակությանը։ Հարցն ավելի գլոբալ է, քանի որ բոլոր քաղաքական գործընթացները փոխկապակցված են եւ մի հարթակում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է արդյունավետ եւ համակարգված աշխատել բոլոր ուղղություններով զուգահեռաբար։ Այս գործընթացը կարող է շատ բացթողումներ ի հայտ բերող, աշխատանքի նոր հարթակներ ստեղծող եւ նոր հնարավորությունների գիտակցմանը նպաստող առանձին դրվագ դառնալ։
Բացի այդ՝ Հայաստանը՝ որպես Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, իր գործընկեր երկրների հետ կարող է օգտվել առիթից եւ հանդես գալ կառույցի բարեփոխման նախաձեռնությամբ՝ բարձրացնելու համար ԵԽԽՎ գործիքների օգտագործման արդյունավետությունը, դրանց ճիշտ եւ կոռեկտ կիրառումը՝ ի նպաստ հակամարտությունների կողմերի միջեւ վստահության կառուցման եւ այլն։ Ի վերջո, ԵԽԽՎ-ն այն հարթակը չէ(եւ երբեւէչի էլ եղել), որը զբաղվում է հակամարտությունների կարգավորմամբ, եւ կարիք կա հստակեցնելու այս հարցն ու կանխելու դրա գործունեության հնարավոր բացասական ազդեցությունը հակամարտությունների վրա։ Միգուցե Հայաստանը՝ որպես բանակցային գործընթացում ներգրավված կողմ, կարող է իր կառուցողական առաջարկներն անել ԵԽԽՎ իր մյուս գործընկերներին՝ հուշելով այն ոլորտներն ու խնդիրները, որոնցում կառույցը կարող է արդյունավետ գործել եւ իր նպաստը բերել հակամարտությունների կարգավորման գործընթացներին։
Այս երկու բանաձեւերի նախագծերը հաստատվելու դեպքում որեւէ էական վնաս չեն հասցնի։ Հակառակ դրա՝ մենք կարող ենք այս գործընթացի օրինակով վերարժեւորել իրավիճակը եւ հետագայում ավելի ամրապնդել մեր դիրքերը խորհրդարանական տարբեր կազմակերպություններում, զարգացնել կապերն ու այդ թվում հանդես գալ նախաձեռնություններով այն կառույցներում, որոնք լիիրավ մաս ենք կազմում՝ բարձրացնելով թե՛ մեր խորհրդարանական դիվանագիտության, թե՛ այդ կառույցների՝ տվյալ դեպքում ԵԽԽՎ-ի արդյունավետությունը,թե՛ ամրապնդելով մեր հարաբերությունները եվրոպացի գործընկերների հետ։
Արմեն Գեւորգյան




























