Որտեղ նավթ, այնտեղ էլ` ռուբլի: Անցած շաբաթները ինչպես նավթի գների, այնպես էլ ռուբլու փոխարժեքի լուրջ անկում են ցույց տվել: Բայց հնարավոր է, որ ոչ այնքան Ռուսաստանը պիտի մտավախություն ունենա սեփակա արժույթի թուլացման առումով, որքան այն երկիրը, որը պիտի շահեր նավթի էժանացումից` Թուրքիան:
Անցնող տարին ռուբլու համար սարսափելի էր, իրոք: Հինգշաբթի այն հասավ դոլարի նկատմամբ փոխարժեքի ռեկորդային ցածր արժեքի, մինչեւ մեկ դոլարի դիմաց 86 ռուբլի` տարվա սկզբից կորցնելով 12 տոկոս, մինչեւ որ նավթի գնի ցատկը ուրբաթ փոխարժեքը բարձրացրեց մինչեւ մեկ դոլարի համար 78,3 ռուբլի: Դոլարի նկատմամբ թուրքական լիրայի փոխարժեքը տարվա սկզբից ընդամենը 3,2 տոկոսով է նվազել: Բայց այն եւս իջնում է մինչեւ ռեկորդային ցածր ցուցանիշներ: Ավելին, լիրայի ընթացիկ արժեզրկումն ամենալուրջն էր 2013-ի կեսից, գրում է The Wall Street Journal-ը:
Ռուսաստանյան տնտեսությունը մեծ դժվարություններ է ապրում, դա անվիճելի է. երկրաքաղաքական ռիսկը մեծ է, պատժամիջոցներն ուժի մեջ են մնում, նավթի եւ գազի արտահանումից կախվածությունն այն խոցելի է դարձնում, իսկ տնտեսական աճի շանսերը փոքր են: Միջազգային արժույթի հիմնադրամի տվյալներով, 2015-ին ռուսական տնտեսությունը 3,7 տոկոս է կորցրել, իսկ 2016-ին անկումը կկազմի եւս 1 տոկոս: Այնուամենայնիվ, Ռուսաստանը կարողացել է դիմանալ պատժամիջոցների պատճառով ֆինանսավորման հանկարծակի դադարեցմանը, ինչը կարող էր հսկայական վնաս հասցնել այլ զարգացող տնտեսությունների, տեղեկացնում է Inosmi-ն:
Ռուսաստանի Կենտրոնական բանկն ամրապնդել է վստահությունը` նախ թույլ տալով, որ ռուբլու փոխարժեքն ընկնի` պահպանելով արժութային պահուստները, իսկ հետո կտրուկ բարձրացնելով տոկոսադրույքը: 2014-ի դեկտեմբերին հաշվարկային դրույքաչափը բարձրացվել էր մինչեւ 17 տոկոս, այն ժամանակվանից իջել է մինչեւ 11 տոկոս: Բայց օգոստոսից Կենտրոնական բանկն անշարժացել է` հաշվարկելով գնաճը, որը 2015-ի դեկտեմբերին 12,9 տոկոս է կազմել, մինչդեռ նպատակը 4 տոկոս ցուցանիշն էր:
Նավթի գների հետագա անկումը եւ այդ գործընթացին ուղեկցող ռուբլու փոխարժեքի անկումը Կենտրոնական բանկին Ռուսաստանի տնտեսական անկման ֆոնին լուրջ երկընտրանքի առաջ կկանգնեցնեն. պահպանել նվաճված վստահությունը գնաճի դեմ պայքարում, թե թույլ տալ, որ այն աճի: Միաժամանակ Կենտրոնական բանկն այդ խնդրին կմոտենա հարաբերական ուժի դիրքերից:
Թուրքիայի տնտեսությունը, ընդհակառակը, շարունակում է աճը եւ էժան նավթն օգնում է կրճատել վճարային հաշվեկշռի ընթացիկ հոդվածների սղաճը: Կենտրոնական բանկը հետ է վերցրել իր բարդ քաղաքականությունը պարզեցնելու եւ նորմալացնելու խոստումը: Դա ստիպում է կասկածել գնաճի դեմ պայքարելու եւ այն սահմաններում պահելու նրա կարողությանը, մանավանդ որ Թուրքիայի կենտրոնական բանկն անընդհատ չի կարողանում հաղթահարել այս խնդիրը:
Քաղաքականությունը դեռեւս ռիսկ է ստեղծում, իսկ նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը փորձում է հասնել նոր սահմանադրության ընդունմանը, որն ընդլայնում է նրա լիազորությունները: Թուրքիան խոցելի է նաեւ ԱՄՆ-ի կոշտ ֆինանսական քաղաքականության հետ կապված ռիսկերի համար: Ֆինանսական ճգնաժամը կարող է ցավոտ լինել Թուրքիայի համար, որը փորձում է վեր մագլցել ներդրումային մակարդակի վարկանիշային աղյուսակով:
Նավթի գների փոփոխությունը արտադրողների եւ սպառողների միջեւ հաշվեկշռի վերաբաշխման է հանգեցնում, բայց առաջվա նման ստիպված են հաշվի առնել քաղաքականությունը: Այդ մակարդակում հնարավոր է լիրային ավելի մեծ վտանգ է սպառնում, քան ռուբլուն:



























