Հայրենասիրություն գոռալով՝ հայրենասեր չեն դառնում: Այս մասին այսօր` հունվարի 28-ին, լարգորղների հետ հանդիպմանն ասաց Ղարաբաղյան պատերազմի մասնակից, երգահան Դավիթ Ամալյանը` նշելով, որ հայրենիք սիրողը եւ հայրենիքի համար կռվողը դա անում է լուռ՝ առանց կուրծք ծեծելու:
«Այսօր դիրքում կանգնած զինվորը մեր սրբությունն է, բանակն էլ՝ եկեղեցին, պետք է ամեն ինչ անենք մեր ժողովրդի եւ բանակի համար: Մեր հասարակ կենցաղով ապրող տղաները, որոնք ուսանողներ չեն, կարդացած չեն, գնում հասնում են դիրք եւ դառնում են մտավորական, նրանք կրթվում են այնտեղ, ստանում հոգեւոր սնունդ»,-ասաց նա:
Դավիթ Ամալյանի խոսքով, պատերազմի տարիներին իրենց ջոկատում բոլորը տարիքով փոքր են եղել եւ այդ պատճառով էլ ջոկատն անվանել են «Ճտերի» ջոկատ, ջոկատում եղել են 14 տղաներով` 15-16 տարեկան:
«Մինչեւ հիմա ջոկատի մեծերը մեզ որ տեսնում են՝ «ճուտ» են ասում: 14 զինակիցներիցս 3-ը կյանքից հեռացել են: Այսօր, երբ զինակիցներով հավաքվում ենք, միշտ հումորով ենք հիշում անցած ճանապարհը: Դա իմ եւ ընկերներիս համար հեքիաթային անցյալ է` չարը չար էր, ուժեղն էլ բարի»:
Դավիթ Ամալյանը նշեց, որ իր ծնողները չգիտեին, որ ինքը Արցախյան պատերազմին է մասնակցում, տանն ասել էր, որ «գործերով տեղ է գնում». « Նրանց կողմից արգելելը անվտանգության արտահայտման միջոց էր: Համոզված եմ, որ մեր ծնողները թաքուն հպարտացել են մեզանով»:




























