Պաշտոնական տվյալների համաձայն, հունվարին Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը տարեկան կտրվածքով կրճատվել է 13.8%-ով: Միաժամանակ, արտահանումը 5.6%-ով աճել է, իսկ ահա ներկրումը՝ 22.2%-ով կրճատվել: Չնայած դրան, արտաքին առեւտրում լուրջ անհամաչափությունը պահպանվում է: Նշված ամսում ներկրման ծավալներն ավելի քան 1.7 անգամ գերազանցել են արտահանումը:
Հայտնի է, որ մեր՝ ոչ մեծ ծավալով արտահանման մեջ ներկայում ավանդաբար առաջատար են պղնձի հանքանյութն ու խտանյութը: Վերջին տարիներին պղնձի համաշխարհային գների միտումն անկման բնույթ է կրել: Փորձելով փոխհատուցել գների անկումը՝ տեղական ոլորտն ավելացրել է պղնձի հանքանյութի արդյունահանման ֆիզիկական ծավալները:
Հրապարակված վերջին տվյալների համաձայն, անցյալ տարվա հունվար-հունիսին պղնձի հանքանյութն ու խտանյութը կազմել են մեր արտահանման ծավալների գրեթե մեկ քառորդը (23.6%): Մեկ տարվա ընթացքում մաքսային արժեքը նվազել է շուրջ 14%-ով, իսկ այդ արտադրանքի արտահանման ֆիզիկական ծավալն աճել է գրեթե 1.6 անգամ: Բացի այդ, առաջատարների խմբում է հայտնվել նաեւ ոսկին՝ խոշորագույն ծավալներով արտահանվող ապրանքների ցանկում գրավելով երրորդ հորիզոնականը: Իսկ երկրորդ տեղում ծխախոտն է:
Ինչո՞ւ ավելի «թարմ» տվյալներ չենք ներկայացնում: Քանի որ դրանք պարզապես չկան: Մաքսային հաշվառման 10 նշանոց կոդի անցնելուց հետո (ինչը պահանջում են ԵՏՄ կանոնները) հրապարակումները դադարել են: Ամենայն հավանականությամբ, այդ խնդիրը մեր մաքսավորների ուժերից վեր է:
Ինչ վերաբերում է հունվարին արձանագրված արտահանման աճին, ապա այն պայմանավորված է անցյալ տարվա ցածր ցուցանիշով: Եթե որպես հիմք դիտարկենք 2014 թվականի հունվարը, ապա արտահանումն արդեն կկրճատվի (7%-ով): Այսինքն՝ ապրանքների արտահանման առումով մեզ մոտ ավելի շուտ հետընթաց է, քան առաջընթաց: Նույնը վերաբերում է նաեւ ներկրմանը: Հիշեցնենք, որ անցյալ տարի Հայաստանի արտաքին առեւտրաշրջանառությունը կրճատվել է մեկ հինգերորդով (20.6%-ով), այդ թվում ԵՏՄ երկրների հետ՝ 18%-ով:
ԵՏՄ-ում փոխադարձ առեւտուրը, եթե չհաշվենք Ռուսաստանը, բավական ցածր մակարդակում է: Որպես ապացույց ներկայացնենք անցյալ տարվա ամփոփիչ տվյալները: Բելառուսի պարագայում ԵՏՄ երկրների հետ արտաքին առեւտրաշրջանառությունում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 97.6%, իսկ Հայաստանինը՝ ընդամենը 0.1%: Ղազախստանի պարագայում այս ցուցանիշները կազմում են, համապատասխանաբար, 92.4% եւ ... 0.3% (!):
Նկատենք, որ այսպիսի անհամաչափություն կա ոչ միայն Հայաստանի պարագայում: Օրինակ, Բելառուսի եւ Ղազախստանի միջեւ փոխադարձ առեւտրի ծավալները կազմում են ԵՏՄ երկրների հետ նրանց արտաքին առեւտրաշրջանառության ընդամենը 2-3%-ը: Այսինքն՝ այդ կազմակերպությունում «մենաշնորհը» Ռուսաստանինն է:
Սմբատ Գրիգորյան




























