Թուրք նախագահ Էրդողանի կինը գովաբանում է օսմանյան հարեմը: Նրա կարծիքով, այնտեղ ապրող կանանց համար դա կյանքի դպրոց էր: Տղամարդիկ այնտեղ կարող էին կորցնել բանականությունը, իսկ երբեմն նույնիսկ ավելին: 

Թուրք նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը բազմիցս ապացուցել է, որ օսմանյան սուլթանների երկրպագու է:   Այսպես, օրինակ, նա քննադատության էր ենթարկել մի հեռուստասերիալ, որի հիմքում Սուլեյման  I-ի հարեմում (կառավարման տարիները 1520 — 1566) ենթադրյալ ինտրիգների մասին սյուժե էր: Այդ սուլթանը, որի իշխանության տարիներին Օսմանյան կայսրությունն իր հզորության գագաթնակետին հասավ, մեծ օրինակ է, ինչ-որ առիթով ասել է Էրդողանը, երբ դեռեւս վարչապետ էր: Էրդողանի կարծիքով, հորինովի պատմությունները բացասաբար են ազդում ժամանակակից Թուրքիայի իմիջի վրա, գրում է Die Welt-ը:

Սակայն ոչ միայն Թուրքիայի նախագահն է նման կարծիքի, այլեւ կինը.  «Հարեմը օսմանյան արքայատոհմի անդամների համար դպրոց էր եւ ուսումնական հաստատություն, որում կանայք նախապատրաստվում էին կյանքին», — առաջին տիկնոջ այս խոսքերն են փոխանցում թուրքական հեռուստաալիքները: Սոցցանցերում չեն հավանել Էմինե Էրդողանի արտահայտությունները: Արդյունքում կտրուկ մեկնաբանություններ են հայտնվել: 

  Էմինե Էրդողանի արտահայտություններն անհրաժեշտ է առաջին հերթին դիտարկել որպես  «Հազար ու մի գիշեր» գրքի քննադատություն: Այս գրքի ինտրիգը կապված է թագավորի փառասիրական հրամանի հետ` ամեն օր որեւէ հարճի կյանքից զրկել նրա հետ գիշեր անցկացնելուց հետո. Շեհրեզադեին հաջողվում է դրանից խուսափել միմիայն նորանոր «սքանչելի պատմությունների» օգնությամբ: Թուրք նախագահի կինը մատնանշում է այն խիստ կանոնները, որոնց պիտի ենթարկվեր նաեւ ինքը` թագավորը. նրա խոսքով, գոյություն ունեին հստակորեն սահմանված կանոններ հարեմի համար հարճերի ընտրության եւ նրանց ուսուցման վերաբերյալ, նրանց այնպիսի առարկաներ էին դասավանդում, ինչպիսիք էին գրականությունը, երաժշտությունը, ինչպես նաեւ օտար լեզուներ: Սակայն արժե հավելել, որ սուլթանին դուր գալու համար որոշ կանայք նրան սեռական ծառայություններ պիտի մատուցեին: 

Ճանապարհորդի իր օրագրում, որը կոչվում էր  «Վայրի Բալկաններում» (1839) Ուրկվարտը նկարագրել է այդ ժամանակ իշխող սուլթան Մահմուդ II-ի հարեմը (կառավարման տարիները 1808 — 1839): «Նա շատ հեռու է բնավորության եւ ընտրության այն ազատությունից, որ ունեն նրա քրիստոնյա գործընկեր կառավարիչները:  Անշրջելի սովորույթները եւ ձեւավորված հասկացություններն այն մասին, թե ինչն է ճիշտ, իսկ ինչը` ոչ, նրա իբրեւ թե անսահմանափակ իշխանության առաջ անհաղթահարելի պատնեշներ են դնում:  Ներկայիս սուլթանը, ինչպես ասում են, ինչ-որ ժամանակ իրոք սիրահարված էր: Որպես սիրեկանի, նրան տրված էր այդ ընտրությունը,  բայց  «սուլթանին» հնարավորություն չտվեցին նման կապեր հաստատելու»: Ուրկվարտի նպատակը, սակայն, «հարեմում այլասերված կյանքի մասին» Եվրոպայում տարածված կարծիքները հերքելն էր:  Իր ժամանակաշրջանում ընդունված օրիենտալիստական ոգուն համապատասխան, այդ շոտլանդացին եվրոպական արիստոկրատիայի  եւ բուրժուազիայի ցոփ բարքերին հակադրում էր կնոջ եւ տղամարդու միջեւ հարաբերությունների` Օսմանյան կայսրությունում գործող եւ իսլամի համար բնութագրական ուսուցողական եւ ավարտուն նմուշը:  Կարելի է միայն կռահել, թե մինչեւ ինչ աստիճան էր նա ղեկավարվում   «Հազար ու մի գիշեր»-ից պատկերներով եւ կերպարներով: Եվ այժմ, երբ թուրք նախագահի եւ սուլթանների երկրպագուի կինը բացահայտ գովաբանում է հարեմում ընդունված կարգը, դա պիտի նրա ամուսնուն ստիպի մտորել: Որովհետեւ հարեմը ուսումնական հաստատություն (եւ գուցե ինտրիգների եւ օրգիաների վայր) էր ոչ միայն կանանց, այլեւ հենց տան կառավարչի համար, որը հաճախ անհետանում էր այնտեղ: