Հայաստանում տնային տնտեսությունների 28%-ը, որեւէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Այս մասին ասված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության (ՀՀ ԱՎԾ), ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) կողմից համատեղ մշակված զեկույցում, որի արդյունքները հիմնված են 2008–2014թթ. Տնային տնտեսությունների կենսամակարդակի ամբողջացված հետազոտությունների վրա։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանը բազմաթիվ ռիսկերի է ենթարկվում եւ որ տնային տնտեսությունների 28%-ը, որեւէ ցնցումի ենթարկվելու պարագայում, կարող է հայտնվել պարենային անապահով դառնալու վտանգի տակ: Ավելին, 5 տարեկանից փոքր երեխաների 19%-ը թերաճ են, իսկ գրեթե 15%-ը՝ գերքաշ: Թերաճությունը պայմանավորված է քրոնիկ թերսնուցմամբ եւ դրսեւորվում է երեխաների՝ իրենց տարիքի համեմատ կարճահասակությամբ: Թերսնուցման այս կրկնակի բեռը, համադրված սննդարար միկրոտարրերի անբավարարությամբ, հանրային առողջապահական լուրջ խնդիր է։

«Սովը գին ունի։ Նախկինում կատարված միջազգային հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաների թերսնուցումը, առողջապահական ծախսերի աճի եւ ցածր արտադրողականության հետեւանքով, բացասական ազդեցություն է ունենում երկրի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ ) վրա: Այն նաեւ ավելացնում է կրթական ծախսերը: Պարենային անապահով տնային տնտեսություններն ավելի քիչ կրթված անդամներ ունեն եւ իրենց ընդհանուր եկամտի ավելի փոքր մասն են հատկացնում կրթությանը», ֊ ասել է Հայաստանում ՊՀԾ ներկայացուցիչ Պասկալ Միշոն:

Թերաճությունը նվազեցնելու համար զեկույցն առաջարկում է թերսնման ռիսկերի վաղ հայտնաբերում, իսկ գերքաշության եւ գիրության դեմ պայքարի համար՝ պատշաճ սնուցման վերաբերյալ իրազեկման բարձրացում: Զեկույցը նաեւ առաջարկում է բարձրացնել պարենային ապահովության մակարդակը` երիտասարդների ու կանանց զբաղվածության, գյուղական զարգացման, սոցիալական պաշտպանության եւ կրթության ոլորտներում ներդրումներ կատարելով:

 «Ես կցանկանայի ընդգծել 5 տարեկանից ցածր երեխաների թերաճության բարձր ցուցանիշը: Թերաճությունը ոչ միայն անդրադառնում է ընտանեկան կենսամակարդակի վրա, այլ նաեւ ազդեցություն է ունենում տուժած երկրների տնտեսական զարգացման վրա՝ ՀՆԱ-ի հետ ունեցած իր հարաբերակցության պատճառով: Ես վստահ չեմ, որ մարդիկ գիտակցում են այդ ցուցանիշի բարձրության աստիճանը: Ժամանակն է համախմբվել եւ քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ: Միավորելով կառավարության եւ ՄԱԿ-ի գործակալությունների ջանքերը եւ մոբիլիզացնելով ռեսուրսները՝ հնարավոր է նախագծել արդյունավետ միջամտություններ»,-իր խոսքում նշել է Հայաստանում ՄԱԿ-ի մշատական համակարգող Բրեդլի Բուզետտոն: