Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) և ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները միտումնավոր չեն արթնացրել իրեն 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առավոտյան։ Այդ օրը սկսվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հարձակումը, քանի որ իմացել են, որ ինքն անմիջապես հրաման կտար ամբողջ բանակը բերել մարտական պատրաստվածության վիճակի, հայտնում է The Times of Israel-ը:

«Նրանք գիտեին, որ որպես Իսրայելի վարչապետ՝ ես անմիջապես հրաման կտայի ամբողջ բանակը բերել պատրաստվածության վիճակի», — Instagram-ի ուղիղ եթերի ժամանակ ասել է Նեթանյահուն:

Նրա խոսքով՝ ժամանակին տեղեկացվելու դեպքում ինքը կարգադրություն կտար նախազգուշացնել սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, մարտական պատրաստականության բերել ուժայիններին և նախապատրաստել Ռազմաօդային ուժերը՝ Գազայի հատվածի սահմանին մոտեցող բոլոր թիրախներին հարվածելու համար:

«Ես ձեզ չեմ ասում, թե որոշ [զինյալներ] չէին կարողանա թափանցել [սահմանով]», — նշել է վարչապետը՝ հավելելով, որ իշխանությունները կարող էին նաև չեղարկել սահմանից ոչ հեռու անցկացվող Nova երաժշտական փառատոնը: Նրա խոսքով՝ «լիովին ակնհայտ է», որ նման միջոցներ կարող էին ձեռնարկվել:

Նեթանյահուն անալոգային հայտարարություններ է արել նաև նախօրեին՝ իսրայելական «14-րդ ալիքի» եթերում, ինչպես նաև պոդքասթում, որի հատվածը ավելի ուշ տեղադրել է X-ի իր հաշվում: Ընդ որում, նրա ներկայիս վարկածը տարբերվում է նախկին հայտարարություններից, որոնց համաձայն՝ իրավիճակը կարող էր այլ կերպ զարգանալ, եթե իրեն արթնացնեին մինչև հարձակման սկսվելը: Այժմ վարչապետն առաջին անգամ պնդում է, որ ուժային կառույցների ներկայացուցիչները միտումնավոր են թաքցրել իրենից ստացվող տեղեկատվությունը:

Առանձին Նեթանյահուն մեղադրել է Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայության (ՇԱԲԱԿ) այն ժամանակվա ղեկավար Ռոնեն Բարին՝ պատրաստվածության սահմանափակ մակարդակ պահպանելու ձգտման մեջ, որպեսզի ՀԱՄԱՍ-ի հետ հետագա էսկալացիա չհրահրվի: Վարչապետի պնդմամբ՝ ուժայինները չեն արթնացրել իրեն, քանի որ գիտեին, որ տեղեկատվությունը ստանալուց հետո ինքը կարգադրություն կտար զորահավաք անցկացնել և ավիահարվածներ հասցնել սահմանին մոտեցող զինյալներին:

Նեթանյահուի հայտարարությունները հնչել են այն բանից հետո, երբ նրա կինը՝ Սարա Նեթանյահուն, հարցազրույցի ընթացքում առանց ապացույցների ենթադրություն է առաջ քաշել, թե ընդդիմադիր «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանը կարող էր նախապես իմացած լինել ՀԱՄԱՍ-ի նախապատրաստվող հարձակման մասին: Գոլանը հայտարարել է զրպարտության համար նրա դեմ դատարան հայցներ ներկայացնելու մտադրության մասին, եթե նա ներողություն չխնդրի: Սարա Նեթանյահուն հրաժարվել է դա անել:

Իսրայելի 12-րդ ալիքի քաղաքական թղթակիցը կարծում է, որ Նեթանյահուի և նրա ընտանիքի հայտարարությունները կարող են լինել հանրային ընկալումը փոխելու փորձ՝ կապված հոկտեմբերի 7-ի ձախողումների հետ՝ առաջիկա ընտրությունների նախօրեին: