86 տարեկան հասակում կյանքից հեռացել է հայտնի հունգարացի գրող, 2002 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիր Իմրե Կերտեսը։
15 տարեկանում նա հայտնվել էր Օսվենցիմի եւ Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում։ Կերտեսը ողջ էր մնացել եւ սկսել զբաղվել գրականությամբ։
NEWS.am-ը ներկայացնում է «Առանց ճակատագրի», «Կադիշ չծնված երեխային» վեպերի եւ «Անգլիական դրոշը» պատմվածքների հավաքածուի հեղինակի 10 միտք։
Ես նույնպես ապրել եմ ինձ բաժին ընկած ճակատագիրը։ Դա իմ ճակատագիրը չէր, բայց ես մինչեւ վերջ ապրեցի այն։
Երկրում, որտեղ ինձ վիճակված էր ապրել, օրենքի բոլոր հոդվածները, բոլոր գլուխները իմ ծննդյան պահից սկսած ուղղված էին իմ դեմ. հաճախ հենց իմ ֆիզիկական գոյության դեմ, իսկ այն դեպքերում, երբ դրանք, ըստ մտահղացման, կարծես թե պետք է ինձ պաշտպանեին, ամեն անգամ պարզվում էր, որ դրանք նույնպես կարելի է իմ դեմ օգտագործել։

Ամենակարեւորը չհուսահատվելն է. չէ՞ որ միշտ էլ ինչ-որ կերպ կստացվի, որովհետեւ դեռ երբեք չի եղել այնպես, որ ոչ մի կերպ չստացվի։ Սա ինձ Բանդի Ցիտրոմն է սովորեցրել, իսկ նրան այդ իմաստությունը ճամբարներից էր մնացել։
Եթե ինչ-որ մի հանցագործ կամ խելագար հոգեբուժարանում կամ բանտում չէ, այլ քարտուղարության աթոռին կամ որեւէ այլ բարձր պաշտոնի, դուք անմիջապես սկսում եք նրանում ինչ-որ հետաքրքիր, օրիգինալ, բացառիկ եւ անգամ հզոր մի բան փնտրել, որպեսզի ինքներդ ձեր մեջ թզուկների եւ ոչնչությունների չտեսնեք, իսկ ձեր համաշխարհային պատմության մեջ՝ աբսուրդ եւ անհեթեթություն, որպեսզի հետագայում էլ խելամտորեն նայեք աշխարհին։

Մարդ միշտ գտնում է իրեն անհրաժեշտ սուտը, ընդ որում, այնպես արագ եւ հստակ, ինչպես իրեն անհրաժեշտ ճշմարտությունը, եթե նա առհասարակ ճշմարտության կարիք ունի։
Կյանքում չի լինում այնպիսի մի բան, որը մենք չվերապրենք որպես բացարձակ բնական երեւույթ, եւ իմ ճանապարհին, ես գիտեմ, ինչ-որ անխուսափելի դավադրության նման ինձ ասես հետապնդում է... երջանկությունը։ Անգամ այնտեղ՝ դիահերձարանների խողովակների մոտ, տառապանքների միջեւ կար երջանկությանը նմանվող մի բան։

ֆիասկոն է մնացել այն միակ ապրումը, որը դեռ հասանելի է մեզ։
Մենք միեւնույնն է անշեղորեն, անխախտ ուզում ենք ապրել, թող որ այսպես ուռած, մռայլ, այսպես հիվանդ, այո, թեկուզ այդպես։ Անգամ եթե այդքան չենք կարողանում եւ այդպես անհնար է ապրել։

Իսկ չփնտրե՞նք այստեղ մոտակայքում ինչ-որ դիվային մի բան. չէ՞ որ մեր գարշելի գործերի համար, մեր նողկալի կրքերի համար մեզ վաղուց ինչ-որ մի չարք էր պակասում:
Բայց ահա բացատրություններից երեւում է, որ կյանքից ոչ մի տեղ էլ չես փախչի։ Մենք միայն բացատրում ենք, բացատրում ենք, մեզնից բացատրություններ է պահանջում կյանքը, այդ անբացատրելի իրադարձությունների եւ զգացողությունների կծիկը, մեզնից բացատրություն է պահանջում շրջապատը, ի՜նչ շրջապատ, մենք ինքներս ենք մեզնից բացատրություններ պահանջում, մենք բացատրում ենք, բացատրում ենք, մինչեւ վերջապես չբացատրենք ամեն բան, այդ թվում՝ ինքներս մեզ, մինչեւ վերջին կետը, մինչեւ այն պահը, երբ քարը քարին չի մնա...






























