Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը մտահոգություն ունի, որ Թուրքիան կարող է չափից դուրս բուռն արձագանքել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ընդունմանը:

«Դա Գերմանիայի խորհրդարանի անկախ որոշումն է:Մենք սպասում էինք Թուրքիայի արձագանքին, սակայն հուսով եմ, որ առաջիկա օրերին եւ շաբաթներին չափից դուրս բուռն արձագանք չի լինի: Մենք չենք դադարի ջանքեր գործադրել Հայաստանի եւ Թուրքիայի ոչ միայն միմյանց մասին, այլ իրար հետ խոսեն, միասնական լուծում գտնեն»,- ասել է Շթայնմայերը հունիսի 2-ին Արգենտինա կատարած պաշտոնական այցի ժամանակ, փոխանցում է Zeit-ը:

Հիշեցնենք, որ Գերմանիայի Բունդեսթագն, այսօր՝ հունիսի 2-ին, ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը: Դեմ է քվեարկել միայն մեկ պատգամավոր, եւս մեկը ձեռնպահ է մնացել: Բանաձեւում նաեւ նշվում է, որ Գերմանիայի կառավարությունը ճանաչում է պատասխանատվության իր մասնաբաժինը այդ պատմական իրադարձությունների համար, նաեւ 1915-ի ողբերգական իրադարձությունները՝ հայերի տեղահանություններն ու սպանությունները «ցեղասպանություն» է կոչում: