Ներքաշվելով հայ-թուրքական գործընթացի մեջ՝ Հայաստանը ամրապնդեց Թուրքիայի դիրքերը ԼՂ կարգավորման հարցում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական գործընթացի անցած մեկ տարվա ընթացքին: Նա նշեց, որ քիչ հավանական է, որ մոտ ապագայում այդ գործընթացը վերաակտիվանա, քանի որ թուրքերը հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, կապում են բացառապես ԼՂ խնդրի կարգավորման հետ:
«Հայաստանը, հայկական հիվանդության պատճառով, հրապուրվեց ու մտավ այդ խաղի մեջ, մտածելով, թե միջազգային հանրությունը՝ ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը կօգնի ու կաջակցի: Սակայն Թուրքիան արդյունքում իր դիրքերն է՜լ ավելի ամրապնդեց ԼՂ խնդրում եւ ԼՂ խնդրի հետ կապված միջազգային կառույցներում մի քանի ոչ հայանպաստ բանաձեւեր ընդունվեցին: Պատկերացրեք, եթե 100 կիլոգրամ քաշ ունեցող ըմբշամարտիկը գալիս է 50 կիլոգրամ քաշ ունեցողի հետ կռվելու, բնական է, որ նա հաղթելու է: Նույնն էլ Թուրքիայի դեպքում եղավ, որն իր հզոր դիվանագիտական արսենալով մեծ հաջողություններ բերեց Ադրբեջանին»,-նկատեց քաղաքագետը:
Նրա կարծիքով՝ ԼՂ հարցում Թուրքիայի առաջխաղացումը մտահոգիչ իրավիճակ առաջացրեց, ինչի հետեւանքով պատերազմի հավանականությունն է՜լ ավելի է մեծացել, Ադրբեջանի պահվածքը ավելի է լկտիացել: «Դրա հետեւանքով էր, որ Եվրախորհրդարանը ընդունեց բանաձեւ, որում Հայաստանն անվանվում է օկուպանտ: Ֆոնային իմաստով փոխվեց նաեւ ՌԴ-ի դիրքորոշումը եւ մենք պատերազմի հավանականության հետեւանքով ստիպված եղանք երկարացնել ռուսական ռազմաբազաների ժամկետը՝դարձնելով 49 տարի, Ռուսաստանն էլ որոշեց C-300 համակարգեր վաճառել Ադրեբջանին: Այսինքն, մենք արդյունքում ոչինչ չշահեցինք, այլ միայն կորցրեցինք»,-նկատեց Բոզոյանը:
Ստեղծված իրավիճակում, ըստ Բոզոյանի, միակ ելքն այն կլինի, որ Հայաստանը հզոր գործոն դառնա եւ ստիպի Թուրքիային սեպարատ գնալ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման: Դրա վառ օրինակը իսրայելա-եգիպտական հարաբերություններ են:
«Նասեր Աբդել Համերը ժամանակին ասում էր, որ մինչեւ չլուծվի Պաղեստինի խնդիրը, Եգիպտոսը երբեք դիվանագիտական հարաբերություններ չի հաստատի Իսրայելի հետ: Չորս պատերազմի արդյունքում երբ տեսան, որ ոչ մի կերպ չեն կարողանում հաղթել Իսրայելին, Անվար Սադաթն ասաց՝ եկեք պրագմատիկ լինենք եւ գնանք մեր հարաբվերությունները սեպարատ բարելավելու ճանապարհով: Նրան համարեցին դավաճան, Եգիպտոսին նույնիսկ հանեցին Արաբական լիգայից»,-նկատեց քաղաքագետը: Ըստ նրա՝ նույնն էլ կարող է տեղի ունենալ Հայաստանի հետ: «Եթե Հայաստանը դառնա որակյալ երկիր, Թուրքիան ստիպված կլինի գնալ Հայաստանի հետ հարաբերությունների սեպարատ կարգավորման, չնայած նրան կմեղադրեն դավաճանության մեջ: Բայց այդ ժամանակ կհայտնվի մի Անվար Սադաթ, որը Ադրբեջանին կասի՝ մենք չենք կարող Ղարաբաղի պատճառով մեր հարաբերությունները չկարգավորել Հայաստանի հետ, մանավանդ, որ կա Ցեղասպանության խնդիր եւ միջազգային հանրությունն այընդհատ ճնշում է մեզ»:





























