Ճապոնացի ինժեներները ավարտել են մարդու մկաններին նմանությամբ մկաններով կմախք-ռոբոտի ստեղծման աշխատանքները: Ռոբոտը կարող է լիարժեք նմանակել մարդու շարժումները: Այն ստեղծողների խոսքով՝ ռոբոտի մկանները, ինչպես մարդու մկանները, կարող են կծկվել եւ ընդարձակվել՝ շարժելով արհեստական ոսկորները:
Առայժմ ռոբոտի մկանները չեն կարող պարծենալ նույն ուժով, ինչպիսին ունեն մարդկային մկանները, այդուհանդերձ ռոբոտը բավական սահուն է շարժվում, փոխանցում է Informing-ը:
Ռոբոտի քայլվածքը հիշեցնում է մարդու շարժումներ, որը նոր է սովորում քայլել, բայց դա միանգամայն բնական է, չէ՞ որ անդրոիդը կամ ավելի ճիշտ՝ այն ստեղծողները իսկապես նոր-նոր յուրացնում են մարդու քայլվածքի նմանակումը: Դրանից բացի՝ ճապոնացիների ստեղծած ռոբոտը կարող է շարժել ձեռքերը եւ նույնիսկ կծել: Բացառված չէ, որ մոտ ապագայում այս մշակման հիման վրա իսկապես կստեղծվեն մարդակերպ ռոբոտներ, որոնք մարդկանց կօգնեն ամենաանհավանական աշխատանքներ իրականացնելիս:





























