Մոնա կղզու քարանձաավներից մեկում գիտնականները գտել են գրություններ, որոնք կօգնեն ավելի շատ բան իմանալ Ամերիկայի բնիկ ժողովրդի մշակույթի ու կործանման պատճառների մասին: Հետազոտությունը հրապարակվել է Antiquity ամսագրում:

2013-ից սկսած՝ մի խումբ հնագետներ հետազոտել են Կարիբյան կղզիների շուրջ 70 քարանձավներ: Հետազոտողները գտել են պատմական տեսակետից առավել հարուստ վայրը՝ Մոնա կղզին, որը Պուերտո Ռիկո ու Հաիթի կղզիների մեջտեղում է գտնվում: 16-րդ դարում կղզին գաղութացվել էր իսպանացիների կողմից ու եվրոպացիների համար դեպի Ամերիկա տանող գլխավոր ատլանտյան ուղին էր:

Բրիտանական թանգարանի ու Լեսթերի համալսարանի հնագետները Մոնա կղզու քարանձավում գտել են ավելի քան 30 գրություն, այդ թվում տարեթվեր, անուններ,քրիստոնեական խորհրդանիշներ, նաեւ լատիներեն ու իսպաներեն արտահայտություններ:

Աշխատության գլխավոր հեղինակի խոսքով, այս վայրը կօգնի հասկանալ, թե ինչպես է ձեւավորվել Հյուսիսային ու Հարավային Ամերիկաների բնիկ ժողովուրդների մշակույթը ու ինչ է հատկապես կատարվել, երբ ժամանել են առաջին եվրոպացիները, հայտնում է Gazeta–ն: