Ռուս ճանապարհորդ Ֆյոդոր Կոնյուխովը ծրագրում է սուզվել Մարիանյան իջվածքի հատակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Դոմոդեդովո օդանավակայանում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Կոնյուխովը իր նոր նախագիծը համեմատել է արդեն ավարտված օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդության հետ: «Ես հիմա 11 կիլոմետր 200 մետր բարձրության վրա էի, իսկ Մարիանյան իջվածքը 11 կիոմետր 25 մետր է»,- հայտարարել է նա:
Կոնյուխովի առաջիկա մեծ նախագծերի թվում է ստրատոսֆերայով թռիչքը: Նա չի հստակեցրել, թե հատկապես երբ է մտադիր իրականացնել իր գաղափարները:
Օգոստոսի 1-ին ռուս ճանապարհորդը Մոսկվա է վերադարձել օդապարիկով շուրջերկրյա ճանապարհորդությունից հետո: Այն ավարտվել է հուլիսի 23-ին Ավստրալիայի տարածքում: Կոնյուխովը 11 օր 6 Ժամում անցել է 35 հազար կիլոմետր եւ սահմանել է մի քանի համաշխարհային ռեկորդներ: Ճանապարհորդությունը մեկնարկել էր հուլիսի 12-ին երկրի արեւմուտքում գտնվող Նորթհեմ քաղաքից:





























