Մորթիավոր մամոնտի վերջին համայնքներից մեկը, որը գտնվել է Ալյասկայի մոտերքում` Սուրբ Պողոսի կղզում, վերացել է ավելի քան 5 հազար տարի առաջ` խմելու ջրի պակասի հետեւանքով, պարզել են գիտնականները, հայտնում է  BBC-ն: 

Ամերիկացի հնէաբանների հետազոտության համաձայն, որը հրապարակվել է   Proceedings of the National Academy of Sciences ամսագրում,  Բերինգի ծովի շրջանում մամոնտների համար խմելու ջուրն անհասանելի է դարձել կլիմայի տաքացմանը եւ դրան հետեւած` քաղցրահամ լճերի ցամաքելուն զուգահեռ:   

Աշխարհի մամոնտների մեծ մասը վերացել է մոտ 10,5 հազար տարի առաջ, սակայն Սուրբ Պողոսի կղզում համայնքը դիմացել է եւս   5 հազար տարի:   «Մենք գիտենք, որ ժամանակակից փղին օրական 70-ից 200 լ ջուր է անհրաժեշտ: Մենք ենթադրեցինք, որ մամոնտներին էլ է այդքան պետք եղել: Նման տեմպերի դեպքում ջրի աղբյուրն արագ կարող էր ցամաքել», - ասում է հետազոտության ղեկավար, Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Ռասսել Գրեմը: 

Հետազոտողները ենթադրում են, որ Սուրբ Պողոսի կղզուց մամոնտների պատմությունը ցույց է տալիս, թե մեր օրերում կլիմայի փոփոխման պայմաններում ինչ է սպառնում ցամաքի փոքրիկ կտորների վրա ապրող էնդեմիկ կենդանիներին: