Քենիայում ամուսինը մաչետեով հարձակվել է կնոջ վրա՝ երեխաներ չունենալու պատճառով: Քենիացի Սթիվեն Նգիլան կալանավորվել է կնոջ՝ Ժաքլին Մվենդեի սպանության փորձի համար: Նա կտրել է կնոջ երկու ձեռքերը, ապա փորձել է կտրել նաեւ գլուխը, փոխանցում է Newsru-Israel պորտալը:
Չարագործի կարծիքով՝ կնոջ մեղքն այն է, որ նա ամուսնության յոթ տարվա ընթացքում չի կարողացել բեղմնավորվել: Սթիվենն իր 27-ամյա կնոջ վրա մաչետեով հարձակվելուց առաջ նրան ասել է. «Այսօր քո վերջին օրն է», գրել է տեղական Тhe Daily Nation թերթը:
Պարբերականը նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ վիրակապված գլխով եւ կտրված ձեռքերով կինն ասում է, թե ցնցված է այդ հարձակմամբ, քանի որ իր ամուսինն իմպոտենտ է, իսկ ինքը, բժիշկների, գնահատմամբ, հղիանալու ընդունակ է:
Տեղական իրավապաշտպան Equality Now կազմակերպության ակտիվիստները պահանջում են Նգիլայի նկատմամբ բարձրագույն պատժաչափ կիրառել, ընտանեկան բռնություն կիրառող մյուս տղամարդկանց դաս տալու համար: Equality Now-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ հանցագործությունը ցնցել է նույնիսկ Քենիայի բնակիչներին, որտեղ ընտանեկան բռնությունը աներեւակայելի բարձր մակարդակ ունի:
Ամուսինը կտրել է կնոջ ձեռքերը երեխաներ ունենալու անհնարինության պատճառով




























