Արվեստի գործերի կոլեկցիոները Շտուտգարտի թանգարանին նվիրել է գերմանացի գեղանկարիչ եւ գծանկարիչ Ալբրեխտ Դյուրերի մի փորագրություն, որը նա հայտնաբերել է Ֆրանսիայում` հազար ու մի մանրուքի շուկայում, որտեղ այն վաճառվում էր ընդամենը մի քանի եվրոյով, գրում է The Guardian-ը:
Շտուտգարտի պետական թանգարանից հայտնել են, որ 1520 թվականի «Հրեշտակների կողմից թագադրված Աստվածամայրը» փորագրությունը պահպանվել է շատ լավ վիճակում:
Նշվում է, որ ֆրանսիացի թոշակառու հնագետը փորագրությունը հայտնաբերել էր Ֆրանսիայի արեւելքում գտնվող Սարբուր քաղաքի հազար ու մի մանրուքի շուկայում: Ճշտվում է, որ այն պատկանել է քաղաքապետի նախկին տեղակալին: Նկատելով Շտուտգարտի պատկերասրահի դրոշմը` հնագետը գնել է այն եւ առանց իր անունը հայտնելու նվիրել է գերմանական պատկերասրահին, որին նախկինում պատկանել էր այն: Պատկերասրահից ճշտել են, որ փորագրությունը կորել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին:
Գերմանացի նկարիչ Ալբրեխտ Դյուրերը (1471–1528) Վերածննդի ժամանակաշրջանի ամենաակնառու վարպետներից մեկն էր:





























