Առնվազն երեք խաղաղ բնակիչ է զոհվել, եւս 200 մարդ վիրավորվել է կառավարական զորքերի կողմից Հնդկաստանի հսկողության տակ գտնվող Քաշմիրի տարբեր հատվածներում ցուցարարներին գնդակոծվելու հետեւանքով, փոխանցում է «Սինհուա»-ն:
Ինչպես հայտարարել են ոստիկանության ներկայացուցիչները, երկու խաղաղ բնակիչ սպանվել է Բուդհամ շրջանում, երրորդը՝ Բարամուլլա շրջանի Սոպորե քաղաքում: Ոստիկանության եւ ռազմականացված կազմավորումների աշխատակիցները ցուցարարներին ցրելու համար կրակ են բացել եւ ծխանռնակներ են օգտագործել:
Նշենք, որ հնդկական Քաշմիրի հատվածում բողոքներ եւ բախումներ են սկսվել հուլիսի 8-ին այդ շրջանում «Հըզբ-ուլ-Մուջահիդին» խմբավորման ակտիվիստ 22-ամյա Բուրհան Վանիին սպանելուց հետո:
Օգոստոսի 5-ին անկարգությունների հետեւանքով զոհերի ընդհանուր թիվը հասել է 55 մարդու: Առողջապահական համակարգի տվյալների համաձայն՝ բողոքի բռնկման պահից ի վեր առնվազն 3 հազար խաղաղ բնակիչ է վիրավորվել, 100-ից ավելին կորցրել է տեսողությունը կոտորակային փամփուշտներ կիրառելու հետեւանքով:





























