Հնագետները Բելիզում մայաների վերնախավի ներկայացուցչի դամբարան են հայտնաբերել: Դա երկրում հայտնաբերված հուղարկավորության վայրերից ամենախոշորն է: Ըստ The Guardian-ի՝ գտածոյի տարիքի մասին չի հաղորդվում:

Դամբարանը գտնվում է մայաների քաղաքներից մեկի՝ Շունանտունիչայի ավերակներում: Հնագետները բրգաձեւ կառույցի կենտրոնական աստիճանների պեղումներ էին կատարում եւ աստիճանների տակ էլ գտել են դամբարանը:

Ռոսբալտի փոխանցմամբ՝ այն 4.5x2.4 մետր չափերով կառույց է, որ գտնվում է 5-7 մետր խորության վրա: Հայտնաբերված աճյունի մնացորդները պատկանել են 20-30 տարեկան տղամարդու, որը պառկած էր մեջքի վրա, իսկ գլուխը թեքված էր աջ:

Աստիճանների ստորին հատվածում հայտնաբերվել է երկու գաղտնարան՝ աստվածներին կատարված զոհաբերություններով, որոնց թվում եղել են «էքսցենտրիկներ» անունով հայտնի արտեֆակտներ՝ կենդանիների կամ բույսերի տերեւների ձեւ ունեցող քարեր, որոնք օգտագործվել են ծեսերի համար եւ կենցաղային կիրառություն չեն ունեցել:

Շունանտունիչան մայաների բնակավայր է եղել դեռեւս մեր թվականության սկզբին, որի բնակիչներն անհայտ պատճառով այն լքել են մոտ 750 թվականին: