ՄԱԿ փորձագետները մտահոգված են երեխաների եւ դեռահասների լսարանին ուղղված գովազդի հետեւանքների կապակցությամբ: Նրանք ենթադրում են, որ ագրեսիվ մարքեթինգը հաճախ նպաստում է չափից դուրս շատ սպառմանը: Երիտասարդների մոտ վատնողական կենսակերպի նկատմամբ հակում է առաջանում, ինչը նշանակում է մեծ ծախսեր ծնողների համար:
«Նոր կոմերցիոն գովազդային հոլովակները, որոնց լսարանը մշտապես աճում է, կարող է երեխաների մոտ ապագայում ֆինանսների նկատմամբ որոշակի վերաբերմունք ձեւավորել»,- ասում են անկախ փորձագետները:
Իրավապաշտպանները ենթադրում են, որ երեխաների համար նախատեսված գովազդը կարող է նաեւ անառողջ հետեւանքներ ունենալ: Ճարպերով, շաքարով եւ աղով հարուստ սննդամթերթի գովազդը բացասաբար է անդրադառնում երեխաների վրա եւ նպաստում անառողջ սննդի նախապատվության ձեւավորմանը, որն էլ հանգեցնում է ճարպակալման:





























