Հայաստանի պաշտպանության նախարարությունը պարզել է հոկտեմբերի 3-ին N զորամասում ինքնասպանություն գործած զինվորի մահվան մեղավորներին:

Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված անհրաժեշտ եւ անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ մի խումբ պարտադիր ժամկետային զինծառայողներ, խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները, բռնություններ են գործադրել Ս. Խաչատրյանի նկատմամբ, հայհոյանքներով ստորացրել նրա պատիվն ու արժանապատվությունը:

Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, թե հոկտեմբերի 3-ին, ժամը 19:00-ի սահմաններում, N զորամասի զորանոցի նկուղում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Գեւորգի Խաչատրյանի (ծնվ. 1992թ., Արտաշատի զինկոմիսարիատ) դին՝ կախված վիճակում: Սեպտեմբերի 13-ից շարքային Սամվել Խաչատրյանը ստորաբաժանման կազմում մասնակցում էր ճամբարային հավաքների:

Սամվել Խաչատրյանի քույրը, սակայն, հաաստանյան լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր իր եղբոր ինքնասպան լինելու մասին տեղեկությունը:

«Սամվելին սպանել են դաժանաբար, ծեծել են, հետո նախ բարակ թելով խեղդել, ապա հաստ պարանով կախել»,- ասել էր նա եւ հավելել, թե դատաբժշկական փորձաքննության մեջ նշվել է, թե կապտուկներ կան Սամվել Խաչատրյանի դեմքին, մարմնին, աջ դաստակը կոտրված է եղել, հարվածների հետքեր կան նաեւ գլխին: Քրոջ խոսքով, Սամվելը հոկտեմբերի 1-ին զանգել էր ազգականներից մեկին եւ ասել, որ վաշտի հրամանատարի հետ խնդիրներ ունի: Ըստ լուրերի՝ Սամվելը Զինավանում անցկացվող զորավարժությունների դասի ժամանակ քնել է, վաշտի հրամանատարը նրան հարվածել է, հետո հայհոյանքներ են հնչել, ինչից հետո չորս զինվորների հետ վաշտի հրամանատարը դաժանաբար ծեծել է նրան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ. ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալված են մարտկոցի հրամանատարը, պարտադիր ժամկետային ծառայող երեք սերժանտ և երեք շարքային զինծառայողներ: