Պաշտոնական վիճակագրության օպերատիվ տվյալների համաձայն՝ օգոստոսին ապրանքների եւ ծառայությունների միջին գները 1,9 տոկոսով ավելի ցածր են եղել, քան մեկ տարի առաջ: Հայաստանում դեֆլյացիան վաղուց է սկսվել, դեռեւս անցյալ տարվանից, եւ հիմնականում պայմանավորված էր համախառն պահանջարկի անկմամբ (մասնավորապես Ռուսաստանից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների կրճատման պատճառով):
Ռուսաստանում ձգձգվող ինֆլյացիան չի ուղեկցվել եկամուտների համարժեք աճով: Դրա հետեւանքով բնակչությունն սկսել է ավելի քիչ ապրանքներ գնել, սակայն դրանց դիմաց ավելի շատ է վճարել, քան մեկ տարի առաջ: Արդյունքում ապրանքաշրջանառությունն ընթացիկ գներով աճել է: Հայաստանում, սակայն, պատկերը մի փոքր այլ է. քաղաքացիները դարձյալ քիչ են ապրանքներ գնում, բայց դրա դիմաց քիչ են վճարում՝ ի տարբերություն անցյալ տարվա:
Հիշեցնենք, որ Հայաստանում մանրածախ առեւտրաշրջանառության ընդհանուր ծավալը կրճատվում է՝ ինչպես համադրելի, այնպես էլ ընթացիկ գներով: Դա ընդհանուր առմամբ: Ըստ մանրածախ առեւտրի օբյեկտների տեսակների՝ տարբերություններ կան: Պաշտոնական տվյալներով՝ խանութներում ապրանքի վաճառքի ֆիզիկական ծավալը աճել է 2,1 տոկոսով: Մեր հաշվարկներով՝ դրանցում ապրանքաշրջանառությունը ընթացիկ գներով կրճատվել է 1,1 տոկոսով: Այսինքն՝ խանութներում ավելի շատ ապրանք է վաճառվել, քան մեկ տարի առաջ, սակայն ավելի քիչ են եկամուտ ստացել:
Մանրածախ առեւտրի մյուս օբյեկտներում ապրանքաշրջանառությունը կրճատվել է միաժամանակ եւ՛ համադրելի, եւ՛ ընթացիկ գներով: Հատկապես կտրուկ անկում է գրանցվել «առեւտրի այլ օբյեկտներում», որոնք հիմնականում զբաղված են ավտովառելանյութի վաճառքով: Հունվար-հուլիսին այդ օբյեկտներում մանրածախ առեւտրի ֆիզիկական ծավալը կրճատվել է գրեթե 31 տոկոսով: Ստացվում է, որ Հայաստանում սկսել են այդ ապրանքներն ավելի քիչ գնել (այսինքն՝ սկզբունքորեն ավտովառելանյութ), չնայած գները միջինում նվազել են:
Օգոստոսին մրգի միջին գները տարեկան կտրվածքով նվազել են 0,8 տոկոսով (այդ թվում՝ մայրաքաղաքում 1,5 տոկոսով), իսկ «բանջարեղեն եւ կարտոֆիլ» ապրանքախմբում՝ 2,0 տոկոսով (3,2 տոկոսով): Հասկանալի է, որ գյուղացիների եւ գնորդների միջեւ առեւտրի միջնորդներն ի վնաս իրենց չեն աշխատի: Ավելի շուտ՝ վնաս են կրել այդ արտադրանքն արտադրողները:
Սմբատ Գրիգորյան




























