Հաշվի առնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները եւ առկա մարտահրավերները՝ անհրաժեշտ է սահմանել բարձր նշաձողեր՝ համաշխարհային մրցակցությանը դիմանալու եւ նպատակներին հասնելու համար: Այս մասին սեպտեմբերի 22-ին Համահայկական գիտական ժողովի բացմանն ասաց IDeA հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Նա նշեց, որ մենք պետք է հավակնոտ լինենք մեր նպատակները ձեւակերպելիս եւ չբավարարվենք փոքր ձեռքբերումներով՝ համեմատվելով այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Ադրբեջանը, Մոլդովան։ «Պետք է ձգտել մրցունակ լինել ԱՄՆ-ի, Իսրայելի, Հարավային Կորեայի նման երկրների կողքին»,- ասաց նա։

Ըստ Ռուբեն Վարդանյանի, Հայաստանն այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջեւ` ինչպես ներքին, այնպես էլ արտաքին, եւ եթե հասարակությունը չմիավորվի եւ ուժեր չներդնի նպատակային եւ հավակնոտ ծրագրեր իրականացնելու համար, մենք ոչ միայն չենք լուծի արդեն գոյություն ունեցող լրջագույն խնդիրները, այլեւ որպես մտավոր հզոր ներուժ ունեցող երկիր՝ կկորցնենք աշխարհում մեր ուրույն տեղը գրավելու հնարավորությունը:

Նա նշեց, որ 21-րդ դարը մեզ՝ հայերիս, ընձեռում է հրաշալի հնարավորություն աշխարհում կարեւոր դերակատարություն ունենալու՝ չտնօրինելով բնական հարուստ պաշարների եւ մեծ տարածքների, սակայն ունենալով ամենաարժեքավորը՝ մեր իսկապես հզոր մտավոր ներուժը: Այս խնդիրները հաղթահարելու ճանապարհին դիմագրավելով կրթական եւ գիտական ոլորտներում առկա մարտահրավերներին՝ կարելի է խթանել երկրում գրեթե բոլոր ոլորտների զարգացումը: Հայաստանը այն եզակի երկրներից է, որն ունի ազդեցիկ սփյուռքի ներուժ, որը պետք է էականորեն նպաստի այս գործի առաջխաղացմանը: Որպես աշխարհով մեկ սփռված ժողովուրդ, որը տարբեր երկրներում մասնակցել է ամենատարբեր ոլորտների զարգացմանը, մեզ տրված է բացառիկ առիթ մեր ներուժը օգտագործելու ի բարօրություն մեր երկրի, կարծում է Ռուբեն Վարդանյանը։

Նրա խոսքով` գործարարությունը եւ էմիգրացիան բնույթով նման են. երկուսի դեպքում էլ անհատից պահանջվում է դուրս գալ  իր հարմարավետ կետից, փնտրել գործունեության նոր հորիզոններ, հաղթահարել բազմաթիվ դժվարություններ: Այդ առումով, գիտությունը նույնպես այդ կոնցեպտի բաղադրիչ է: Հաշվի առնելով մեր ժողովրդի հոգեբանության մեջ արդեն իսկ գենետիկորեն ձեւավորված դիմադրողականությունը՝ մենք չպետք է ունենանք միջավայրային եւ ոլորտային փոփոխություններով պայմանավորված խնդիրներ:

IDeA հիմնադրամի համահիմնադիրը նշեց, որ չնայած հզոր սփյուռքի առկայությանը, մենք դեռ համայնքային՝ գետտոյի մտածելակերպ ունենք, ուր կան փակ համակարգին հատուկ դրական եւ բացասական երեւույթներ։ Մեկուսացած լինելը օգնել է մեզ դարեր շարունակ պահպանելու մեր ինքնությունը, սակայն զարգանալու, փոխհարաբերվելու եւ Հայաստան կենտրոնից սփյուռքի ներուժը ուղղորդելու հարցում դեռ շատ բացեր կան: Այսօր, հասարակության տարբեր շերտեր բաժանված են իրարից, մենք տարբեր լեզուներով ենք խոսում. պետք է սովորենք լսել գիտնականներին եւ չզատել քաղաքական, գիտական, գործարարական շերտերը:

«Մենք միշտ եղել ենք պերֆեկցիոնիստ՝ հաշվի առնելով աշխարհում սփռված լինելու հանգամանքը եւ ճանաչում ձեռք բերելու համար լավագույնը լինելու մղումը: Ցավոք, այժմ մենք այդքան հավակնոտ չենք: Պետք է ազատվել փոքր, սահմանափակ հնարավորություններ ունեցող երկրի բարդույթից եւ համագործակցել թե´ սփյուռքի մեր գիտական համայնքի, և թե´ համաշխարհային գիտական հանրության հետ», – ասաց նա։ 

Նշենք, որ սեպտեմբերի 22-ից 23-ը Մաշտոցի անվան Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի դահլիճում տեղի կունենա Համահայկական գիտական համաժողով՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին. այն  կազմակերպվում է «Երիտասարդ գիտնականների աջակցության» ծրագրի շրջանակում։ Համաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես կգան հայազգի անվանի գիտնականներ աշխարհի մի շարք երկրներից։ Դասախոսությունների թեմատիկան ընդգրկում է կենսաբանության, աստղագիտության, մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի եւ համակարգչային գիտության հարցեր։