Թերթն արձանագրում է, որ տասնամյակների պատմություն ունի հայ-թուրքական կիբեռպատերազմը: Դրան պարբերաբար միանում են թուրքերի «ախպեր» ադրբեջանցիները: Ծանոթ է, որ թուրքազգի համակարգչահենների ամենասիրած զբաղմունքներից է հարձակումը հայկական կայքէջերի, այդ թվում` Հայաստանի պետական մարմինների կայքէջերի վրա:
Վերջերս նկատվում է նպատակամղված աշխատանք թուրքերին անդուր հայ անհատների էլեկտրոնային հասցեները վերացնելու համար: Նորագույն հարձակման վերջին զոհերից է լիբանանահայ ինժեներ Հարություն Իսկահատյանը, որի պատրաստած եւ Հայոց ցեղասպանության հրատարակված հուշագրություններն ամփոփող «Վկայարան Հայկական ցեղասպանութեան» ընդհանուր խորագրով մատենաշարի առաջին հատորը մի քանի ամիս առաջ լույս էր տեսել Բեյրութում եւ արժանացել հայկական տարբեր շրջանակների դրական արձագանքներին:
Թուրք համակարգչահենները, հավատարիմ իրենց ցեղի ավազակային բարքերին, իրենց ստոր գործն իրականացնում են թաքնվելով համացանցի ամենատարածված պրովայդերների հետեւում: Շուրջ երկու շաբաթ առաջ Իսկահատյանն ստացել է էլեկտրոնային մի նամակ, որի բովանդակության մասին «Հոթմեյլի վարչանի» ստորագրությամբ հանդես եկող(ներ)ը հայտնել է (են), թե «Հոթմեյլի վարչանի»-ն կարեւոր բան ունի հաղորդելու իր ցանցից օգտվողներին: Իսկահատյանը նամակը բացել է թե չէ, վայրկյանական շարքից դուրս է եկել իր հասցեն` դրանում եղած ողջ տեղեկատվությամբ եւ նյութերով հանդերձ: Հասցեն վերականգնելու նրա բոլոր ջանքերն անցել են ապարդյուն: Համակարգչային տեխնիկայի Լիբանանի լավագույն մասնագետների միջամտությունն էլ չի օգնել: Նրանք զոհին հայտնել են, որ վերջերս համացանցում շատացել է նմանօրինակ «նամակներով» էլ. հասցեներ վերացնելու հաքերային գործունեությունը, հավելելով, թե այսպիսի գործելակերպի հիմնականում դիմում են համակարգչային տեխնոլոգիաների բարձր մակարդակի մասնագետներով օժտված հատուկ ծառայությունները:
Իսկահատյանը համոզված է, որ իր էլ. հասցեն փչացրել են Թուրքիայի հատուկ ծառայությունները:



























