Հայերն, անշուշտ, տաղանդավոր են, սակայն նրանք կամրջի կարիք ունեն գլոբալ տեխնոաշխարհին անդամակցելու հարցում, եւ HIVE ամերիկյան ներդրումային հիմնադրամը հենց որպես այդ կամուրջ է ծառայում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է HIVE ներդրումային հիմնադրամի գործընկեր Ադամ Կաբլանյանը:

«Առաջին անգամ Հայաստան եկա 1998 թվականին, իսկ այդ օրվանից երկրում հսկայական փոփոխություններ են կայացել: Հաճելիորեն զարմացա՝ իմանալով, որ միայն անցած տարվա ընթացքում նոր 128 ստարտափ է հիմնադրվել: Քսան տարի առաջ նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել, որ նման բան մի օր կլինի»,- ասել է նա:

HIVE ներդրումային հիմնադրամի գործընկեր Նինա Աչաջյանի խոսքով, Հայաստանում տեղակայված ստարտափները ինչ որ առումով ոչ շահավետ դիրքերում են, քանի որ չկա հնարավորություն շարունակաբար հասանելի լինել գլոբալ էկոհամակարգին եւ խորհրդատվություն ստանալ լավագույն բիզնեսների ղեկավարներից: «Մեր առաքելությունն էլ հենց երկու էկոհամակարգերի միջեւ բացը լրացնելն է: Ուզում ենք, որպեսզի հայ գործարարները շարունակեն ընկերություններ կառուցել եւ հավատալ գլոբալ տեսլականով բիզնես կառուցելու իրենց հնարավորություններին»,-ասել է նա:

Քննարկելով հաջողակ լինելու համար անհրաժեշտ բնութագրերը՝ Նինա Աչաջյանը նշել է. «Ամենակարեւորը, երեւի, հստակ մտածելակերպ ունենալն է, այսինքն՝ ստարտափը պետք է պարզ տեսնի այն խնդիրը, որը փորձում է լուծել եւ տրվող լուծման համար ունենալ հստակ տեսլական: Մյուս բնութագիրը, որ մենք միշտ փնտրում ենք, դա ճիշտ մոտիվացիան է: Ստարտափը չի կարող հաջողակ լինել, եթե չգիտի, թե ինչու է իր ողջ ժամանակը անհրաժեշտ լուծում կառուցելու վրա վատնում»:

HIVE ներդրումային հիմնադրամը հայկական ստարտափ–ընկերություններին տրամադրում է ֆինասնավորում, խորհրադատվություն եւ միջազգային մակարդակի մենթորներին եւ նրանց խորհրդատվությանը հասանելի լինելու հնարավորություն: Տրամադրելով Սիլիկոնյան հովտի լավագույն փորձառությունը եւ կապերը՝  HIVE-ը նպատակ ունի հայկական ստարտափներին աջակցել կապեր եւ հաճախորդներ ձեռքբերելու, գլոբալ էկոհամակարգի մի մասը կազմելու, եւ դրանում հաջողակ լինելու հարցում: 

HIVE ներդրումային հիմնադրամի պորտֆոլիոն բավականին մեծ է: Այն արդեն բազմաթիվ հայկական ստարտափերում ներդրումներ է կատարել, որոնցից մի քանիսն արդեն նոր շուկաներ գրավելու ճանապարհին են: Հիմնադրամը ներդրումներ է կատարել  ռոբոտաշինությամբ զբաղվող Embodied-ում, բոտերի ստեղծման Bazilion Beings հարթակում, աշխարհի համալսարանների դրամաշնորհների մասին ինֆորմացիա տրամադրող Armacad-ում, CodeFights ծրագրավորողների մենամարտերի հարթակում եւ այլն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին  HIVE ներդրումային հիմնադրամը Silicon Valley Unleashed: Inside the Tech’s Greatest Minds միջոցառման շրջանակում Հայաստան բերեց աշխարհի առաջատար տեխնո ընկերությունների (Google, Uber եւ այլ) ղեկավարներին եւ ներկայացուցիչներին՝ գլոբալ տեխնոաշխարհի ապագան եւ դրանում հաջողակ լինելու գաղտնիքները բացահայտելու համար: