Կարեն Կարապետյանի կառավարությունը Հովիկ Աբրահամյանի կառավարության շարունակությունն է: Այս մասին այսօր` հոկտեմբերի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց  Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

«Այսօրվա իշխանության կուսակցությունը չի թաքցնում, որ ուզում է խորհրդարանական ընտրությունների արդյունքում մնալ, շարունակել իր գործունեությունը: Այն որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը բոլոր առումներով կարելի է համարել ամբողջովին տապալված, այլ դեպքում այս ժամանակահատվածում իշխանությունը նման փոփոխությունների չէր գնա: Նոր կառավարությունը հանգամնքների պարտադրանքի բերումով է դարձել այդպիսին»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ Կարեն Կարապետյանը արձանագրեց, որ տնտեսական վիճակը շատ ծանր է, լուծում պահանջող խնդիրներն ահռելի են, սակայն, պետք չէ, մոռանալ,որ այս կառավարության գալով` հեղափոխություն տեղի չի ունենա:

«Օլիգարխիայի խնդիրը կառավարության կողմից բարձրացվում է, սակայն, այն վերացնելու համար ոչինչ չի արվում: Ցանկանում են հայկական տեղական օլիգարխիային` ժանտախտին, ճնշել  ռուսական խոլերայով: Սա սխալ է, քանի որ կունենանք ժանտախտ պլյուս խոլերիա»:

Անդրադառնալով կառավարության նոր ծրագրին, Ռուբեն Մեհրաբյանը նշեց, որ  բոլոր կառավարությունների ներկայացրած ծրագրերը միշտ լավ են եղել, հարցը ծրագիրը չէ. «Իշխանության կողմից կառավարության ծրագիր է գրվում` ծրագիրը լավն է, բայց կյանքն ավելի բարդ է: Իշխանությունը խնդիր ունի անվտանգ, անվնաս գնալ հասնել խորհրդարանական ընտրություններ, կային դեմքեր, որոնք արդեն հոգնեցրել եւ զզվեցրել էին հանրությանը եւ այս քայլերով գնում ենդեպի ընտրություններ»: