Գյուղատնտեսության ոլորտում սիրիական հարուստ փորձը կարող է օգտակար եւ օրինակելի լինել հայ մասնագետների համար: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՀ-ում Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Իսսամ Նայալի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում հյուրը շնորհավորել է Իգնատի Առաքելյանին ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա գործունեության ընթացքում Հայաստանի եւ Սիրիայի միջեւ հարաբերություններն ագրարային ոլորտում ավելի կխորանան ու կակտիվանան:
«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության գյուղատնտեսության եւ գյուղատնտեսական բարեփոխումների նախարարության միջեւ նախկինում ստորագրվել է գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին համաձայնագիր: Բացի այդ, ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիսանում է առեւտրա-տնտեսական հարցերով հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ուստի կարծում եմ, որ այդ շրջանակներում հնարավոր է ծավալել փոխշահավետ համագործակցություն», - ողջունելով հյուրին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով Սիրիայում տիրող ներկա իրավիճակին եւ հույս հայտնելով, որ սիրիական հողում կրկին կհաստատվի խաղաղություն` նախարարը նշել է, որ գյուղատնտեսության ոլորտում սիրիական հարուստ փորձը կարող է օգտակար եւ օրինակելի լինել հայ մասնագետների համար: Այս համատեքստում նախարարը կարեւոր է համարել փորձի փոխանակման նպատակով փոխայցերի կազմակերպումը:
Պարոն Իսսամ Նայալն իր հերթին նշել է, որ թեեւ քաղաքական ասպարեզում Հայաստանի եւ Սիրիայի միջեւ ձեւավորվել են բարեկամական ամուր հարաբերություններ, սակայն տնտեսության եւ առեւտրի բնագավառում համագործակցությունը դեռ ոչ բավարար մակարդակի վրա է, չնայած այս առումով երկու երկրներում առկա է մեծ ներուժ:
Այս բացթողումը լրացնելու եւ գյուղատնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու նպատակով պարոն Իսսամ Նայալը նախարարին ներկայացրել է գյուղատնտեսական այն ապրանքատեսակների ցանկը, որը սիրիական կողմը պատրաստ է ներմուծել Հայաստան: Ի պատասխան նախարար Իգնատի Առաքելյանը խոստացել է ուսումնասիրել այդ առաջարկը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները վերահաստատել են պատրաստակամությունը քայլեր ձեռնարկել երկու երկրների գործարար կապերի ամրապնդման ուղղությամբ:



























