10 օր առաջ Սեւանում կորած Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի երկու բնակիչներց մեկի դին նոյեմբերի 9-ին, հաջողվել է գտնել մոտորանավակի հայտնաբերման վայրից 200 մ հեռավորության վրա:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 9-ին Սեւանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է ձկնորսներից մեկի՝ 24-ամյա Արեւշատ Առաքելյանի դին:
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս են եկել Սեւանա լիճ եւ չեն վերադարձել։ Ձկնորսների որոնողական աշխատանքները սկսվել են ահազանգ ստանալուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին:
Ըստ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, փ/ծ գնդապետ Է. Գալստյանի՝ նոյեմբերի 6-ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել էին երիտասարդների մոտորանավակը:
Որոնողական աշխատանքները տարվել են նաեւ հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության եւ նկարահանումների համար` մինչեւ 120 մ խորության վրա: Նոյեմբերի 7-ին նախարար Ա. Երիցյանը հանձնարարել է չդադարեցնել որոնողական աշխատանքները՝ մինչեւ ձկնորսների հայտնաբերումը:
Նոյեմբերի 9-ին, ժամը 16:03-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ կապիտան Ա. Ճզմաչյանին հաջողվել է մոտորանավակի հայտնաբերման վայրից 200 մ հեռավորության վրա գտնել եւ դուրս բերել երիտասարդներից մեկի դին:
Մյուս ձկնորսի որոնողական աշխատանքները շարունակվում են:






























