ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ակցիաների ժամանակ 40 մարդ է ձերբակալվել: NBC New York-ի տեղեկություններով՝ Նյու Յորքի փողոցներ են դուրս եկել հազարավոր մարդիկ: Չնայած անձրեւին նրանք գիշերային երկու ցույց են կազմակերպել, փոխանցում է Lenta-ն:
Մարդիկ վանկարկել են՝ «Հա, հա, հա, Դոնալդ Թրամփը պետք է հեռանա» եւ «Մեր նախագահը չէ», նրանց ձեռքերին եղել են՝ «Թրամփն Ամերիկային ատել է սովորեցնում», «Հույսը մի կորցրեք», «Դոնալդ Թրամփ, չքվիր. դու ռասիստ ես, սեքսիստ եւ հակագեյ» գրառումներով պաստառներ: Շատերն անիծել են այն նահանգների բնակիչներին, որոնք հանրապետական թեկնածուին են աջակցել:
Երկու ցույցն էլ ավարտվել է «Թրամփ Թաուեր» երկնաքերի դիմաց նստացույցով: Ոստիկանությունը 30 մարդու է ձերբակալել՝ հիմնականում խուլիգանական վարքագծի համար:
Եվս 10 մարդ ձերբակալվել է Ռիչմոնդում (Վիրջինիայի նահանգ) կազմակերպված ցույցերի ժամանակ: Ցուցարարներն արգելափակել են քաղաքի հիմնական մայրուղին, որից հետո ոստիկանությունն է միջամտել: Ցուցարարների մեծ մասն ազատել է երթեւեկելի հատվածը, բաց Թրամփի հակառակորդների զգալի մասը հրաժարվել է պահանջը կատարելուց, որից հետո նրանք ձերբակալվել են: Իրավապահ մարմինների հաղորդմամբ՝ նրանց թվում են 20-ից 26 տարեկան 6 կին եւ 4 տղամարդ:
Նոյեմբերի 10-ի գիշերը Թրամփի դեմ բազմահազարանոց ցույցեր են ընթացել ԱՄՆ-ի մեծ թվով խոշորագույն քաղաքներում՝ ներառյալ Վաշինգթոնը, Լոս Անջելեսը, Ֆիլադելֆիան, Փորթլենդը, Սիեթլը:


























