Այս տարվա հոկտեմբերի ընթացքում շարժական կապի ծածկույթի ընդլայնման ու արդիականացման նպատակով Ucom ընկերությունը գործարկել է 2 նոր՝ 3G+ կայաններ Վայոց Ձորի մարզում: Այսուհետեւ Եղեգիս, Հորբատեղ, Արտաբույնք եւ Շատին համայնքներում բնակվող 3507 մարդ կունենա Ucom-ի շարժական կապի ծառայություններից օգտվելու հնարավորություն:
Ucom-ից NEWS.am-ին հայտնում են, որ նույն ամսում նաեւ 8 կիլոմետրով ընդլայնվել է M10 ճանապարհի 3G+ ծածկույթը, ինչն ավտոերթեւեկողներին հնարավորություն կտա անխափան կերպով եւ առանց ընդհատումների օգտվելու առցանց քարտեզների բոլոր հնարավորություններից:
«Մեր բաժանորդների գոհունակությունը չափազանց կարեւոր է մեզ համար, այդ իսկ պատճառով Ucom-ն աշխատանքներ է իրականացնում ոչ միայն Երեւանում՝ շարժական ցանցի արդիականացման, այլեւ մարզերում՝ առկա ցանցի ընդլայնման ուղղությամբ: Վայոց Ձորի նշյալ համայնքներում որեւէ ծածկույթ մինչ այդ ապահովված չէր, իսկ այժմ 3,5 հազար մարդ իրենց մտերիմների հետ մշտապես կապի մեջ մնալու հնարավորություն են ստացել», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն՝ Հայկ Եսայանը:
Ucom-ը նախատեսում է շարժական ցանցի արդիականացումն ավարտին հասցնել 2017 թվականին եւ իր բաժանորդներին պարբերական կերպով կզեկուցի կատարված աշխատանքների մասին:





























